Եվրամիությունը դեմ է Գազայից պաղեստինցիներին Հորդանան ու Եգիպտոս տեղափոխելու Թրամփի նախաձեռնությանը

Մանրամասներ
եմ

Եվրամիությունը դեմ է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին Հորդանան ու Եգիպտոս տեղափոխելու նախաձեռնությանը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Գազայի ժողովուրդը արդեն չափազանց շատ է տառապել և արժանի է խաղաղության, ինչպես իսրայելցիները: Նա հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել կարգավորմանը, որը հիմնված է Իսրայելի և Պաղեստինի պետությունների միջև խաղաղ գոյակցության վրա, հավելել է նա։

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպեր Վելդկամպն ավելի կատեգորիկ է արտահայտվել՝ հերքելով Հորդանանում և Եգիպտոսում պաղեստինցիների վերաբնակեցման մասին ենթադրությունները։ Նրա խոսքով՝ պաղեստինցիները պետք է «հնարավորություն ունենան մնալու պաղեստինյան տարածքներում՝ լինի դա Հորդանան գետի արևմտյան ափը, թե Գազայի հատվածը», հաղորդում է DW-ն։

Նմանատիպ տեսակետ է հայտնել Իռլանդիայի արտգործնախարար Սայմոն Հարիսը։ Նա ընդգծել է, որ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը նախատեսում է բնակիչների վերադարձ իրենց տներ։ Առաջնահերթությունը, նրա խոսքով, «այս համաձայնագիրը տառով ու ոգով իրականացնելն է»: Նա նաև նշել է, որ Թրամփի վարչակազմը «դրական դեր է խաղացել այս պայմանների ստեղծման գործում»։