Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի մոտ

Մանրամասներ
չինաստան

Չինաստանը ռազմական ուժերի համատեղ զորավարժություններ է մեկնարկել Թայվանի շրջակայքում, որը բնութագրել է որպես «խիստ նախազգուշացում» այսպես կոչված անջատողականության դեմ. գրում է Reuters-ը։

Զորավարժությունները ծավալվում են ժողովրդավարական կղզու շուրջ, որը Պեկինը համարում է իր տարածքի անբաժանելի մաս և բազմիցս հայտարարել է այն, անհրաժեշտության դեպքում, ուժի կիրառմամբ իր վերահսկողության տակ վերցնելու մասին։ Ռազմական գործողությունները սկսվել են Թայվանի նախագահ Լայ Չին-տեի կողմից Չինաստանը «օտար թշնամական ուժ» անվանելուց հետո։

Չինաստանի Արևելյան ռազմական թատերաբեմի հրամանատարությունը հայտարարել է, որ «զորավարժությունների նպատակն է մարզել ծովային և օդային պարեկության կարողությունները, հաստատել համապարփակ վերահսկողություն, ոչնչացնել ծովային և ցամաքային թիրախներ, ինչպես նաև ռազմավարական տարածքների ու ուղիների շրջափակում իրականացնել»։

Թայվանական աղբյուրների համաձայն՝ չինական ավելի քան 10 ռազմանավ մոտեցել են Թայվանի 24 ծովային մղոն (44 կմ) հարակից գոտուն, որին ի պատասխան Թայվանը նույնպես ռազմանավեր է ուղարկել տարածք։ Թայվանի պաշտոնյաները նշել են, որ, չնայած լարվածությանը, մարտական կրակ չի արձանագրվել։

Չինաստանը Թայվանի ղեկավար Լային բնութագրել է որպես «անջատողական» և «մակաբույծ»՝ անգամ հրապարակելով նրան վիրավորական կերպով պատկերող տեսանյութ։

Թայվանի կառավարությունը կտրականապես մերժում է Պեկինի տարածքային հավակնությունները՝ պնդելով, որ միայն Թայվանի ժողովուրդն իրավունք ունի որոշելու կղզու ապագան։ Նախագահական գրասենյակի հայտարարության մեջ նշվել է, որ Չինաստանը «միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես խնդիրներ հրահրող», և որ Թայվանն ունի անհրաժեշտ կարողություններ ու վստահություն՝ իր անվտանգությունն ապահովելու համար։