Ադրբեջանը մերժել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի առաջարկը` նրան անվանելով պոպուլիստ: Այդ մասին X–ի իր էջում գրել է պատգամավորը։
Ավելի վաղ Խանդանյանն առաջարկել էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հանձնաժողովների հանդիպում անցկացնել, քանի որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի երկու երկրի խորհրդարանների կողմից։ Առաջարկվել է նաև առաջին հանդիպման վայր դիտարկել Հայաստան–Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք։
«Իմ ադրբեջանցի գործընկերը (Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդով–խմբ.) հրապարակայնորեն մերժել է հանդիպման առաջարկը՝ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքներ փոխանակելու համար՝ ինձ անվանելով պոպուլիստ։ Եթե հանուն խաղաղության հանդես գալը պոպուլիզմ է, ապա ես հպարտությամբ ընդունում եմ այդ պիտակը այնքան, որքան անհրաժեշտ է»,– գրել է Խանդանյանը։
Նա նաև նշել է, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ, և պատրաստ է մասնակցել միջխորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկմանը՝ անխոնջ աշխատելով հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության:
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Մարտի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ խաղաղության համաձայնագիր կստորագրի, երբ Հայաստանը «հաղթահարի առկա դժվարությունները»։ Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը պետք է ապահովի «Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ իրենց տները անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը»: Բաքուն պահանջում է նաև «4000 անհայտ կորած ադրբեջանցիների» գտնվելու վայրի մասին տվյալներ և ականապատ տարածքների քարտեզների տրամադրում։
0Comments