ԱՄՆ աջակցությունը նաև կնպաստի ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերմանը. փոխարտգործնախարար

Մանրամասներ
ՀՀ ԱԳՆ

Հայաստանի սահմանային կարողություններն ամրապնդելու Միացյալ Նահանգների աջակցությունը կնպաստի նաև հայ-թուրքական և հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերմանը, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր խորհրդարանում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը։

«Միշտ դա իրականացվել է երրորդ երկրի կողմից, վերջապես մենք դա պետք է անենք։ Իդեալական աշխարում ամեն երկիր ինքը պետք է հսկի իր սահմանները», - հայտարարեց Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե այդ սահմանային կարողությունների ամրապնդման աջակցությունը ի՞նչ է նշանակում գործնականում։

Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հունվարի 14-ին Վաշինգտոնում ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն ստորագրեցին։

ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ աշխատում են ՀՀ-ի հետ՝ ամրապնդելու ջանքերը ինքնիշխանության և սուվերեն տարածքի պաշտպանությանը՝ նշելով, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմ կուղևորվի Հայաստան՝ հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա։