Երևանի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող պատմական թենիսի կորտերի տնօրենությունը վստահ է` մարզաառողջապահական նշանակության օբյեկտը քանդելու համար քաղաքապետարանը հասարակությանը մոլորեցնող քայլեր է անում։
Նշենք, որ դեռ 2024 թվականի սկզբին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող պատմական թենիսի կորտերն («Արարատ» թենիսի ակումբի կորտեր – խմբ.) այգու տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Կորտերից բացի, այգու այդ մասում նաև սրճարաններ և ռեստորաններ կան, ու դրանք նույնպես նախատեսվում է քանդել, որպեսզի զբոսայգին, այսպես ասած, վերադարձվի երևանցուն։ Նրանց հարցն էլ այս պահին օդից կախված է մնում։ Այդ բոլոր գործողությունների համար անհրաժեշտ պայման կա` հատվածը հանրային գերակա շահ պետք է ճանաչվի։
Ավինյանի հայտարարություններից հետո բազմաթիվ քաղաքացիներ, թենիսիստներ, ճարտարապետներ դեմ արտահայտվեցին թենիսի կորտերի և՛ քանդմանը, և՛ տեղափոխմանը։
«Արարատ» թենիսի ակումբն էլ հայտարարություն է տարածել` նշելով, որ Երևանի ղեկավարությունը 2025 թվականին այդպես էլ չի գնացել տրամաբանական և հանրության ձայնը լսելու ճանապարհով, այլ նախորդ տարվա պես որոշել է քանդել Օղակաձև այգու 4-րդ գոտու ամենահին և իր բնույթով մարզաառողջապահական նշանակության օբյեկտը՝ պատճառաբանելով, թե դա գերակա հանրային պահանջ ունի:
«Քաղաքապետարանի ծրագրերում որևէ փոփոխություն չկա։ Անհասկանալի բառակույտի տակ դնում են «հանրային գերակա շահ» տերմինը և հասարակությանը հենց այդպես ներկայացնում։ Մեզ հիմա փորձում են համոզել, թե 6 կորտը քանդելու են ու մի 2 հատ կսարքեն` որոշակի հասարակական կոմպոնենտով։ Այդ ի՞նչ կոմպոնենտ է, որը մարզաառողջապահական նշանակության օբյեկտից ավելի գերակա կարող է լինել։ Այս համալիրը կենտրոնի համար շատ կարևոր է, ու կարծում եմ, որ այստեղ պետք է էլի նմանատիպ օբյեկտներ կառուցվեն։ Քաղաքապետարանը շարժվում է «քանդենք, այգին վերադարձնենք հասարակությանը» տրամաբանությամբ, բայց իրականում անհասկանալի բովանդակությամբ ծրագիր է իրականացնում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Արարատ» թենիսի ակումբի և «Գեյմ–սերվիս» ՓԲԸ–ի տնօրեն Էդուարդ Սանամյանը։
Նա վստահեցրեց` քաղաքապետարանի ներկայացրած նախագծում հանրային գերակա շահ գոյություն չունի, Կենտրոն վարչական շրջանի բնակիչներին էլ զրկում են թենիսով զբաղվելու իրավունքից։ Սանամյանը չի հասկանում, թե ինչու է Երևանի իշխանությունը որոշել, որ կենտրոնում նման մարզական օբյեկտներ չպետք է լինեն, ու դրանք անհրաժեշտ է կառուցել այլ վարչական շրջաններում։
«Գեյմ–սերվիս» ՓԲԸ–ն հարցին լուծում տալու համար հունվարի 17-20-ն ընկած ժամանակահատվածում նամակներով դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին։ Հունվարի 17-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանրագիր է ներկայացվել։ Նախատեսում են քննարկումներ և իրազեկումներ սկսել խնդրի նկատմամբ ոչ անտարբեր անհատների, կազմակերպությունների, մարզիկների հետ։
Էդուարդ Սանամյանը շեշտեց, որ այս պահին մարտավարություն են մշակում, թե իրենց հարցերի վերաբերյալ պատասխաններ չստանալու դեպքում ինչ քայլեր են ձեռնարկելու։
«Ամբողջ Հայաստանում ընդամենը 45 կորտ կա, ու մենք խնդիր ունենք այս սպորտաձևը ավելի զարգացնելու մեր երկրում, բնակչության համար էլ այն ավելի մատչելի դարձնելու։ Անթույլատրելի է, որ գործող տնտեսությունը քանդվի»,– ասաց «Արարատ» թենիսի ակումբի տնօրենը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի 4-ին կայացած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարվեց, որ Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում նախատեսվում է թենիսի ակադեմիա հիմնել։ Նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Ըստ որոշման` ակադեմիան ունենալու է 6 բաց և 4 փակ կորտ, մարզադաշտն էլ լինելու է հավաքովի կոնստրուկցիաներով։
Հավելենք` մեկ կորտ կառուցելու համար մոտ 20 000 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ, իսկ Օղակաձև այգու 4-րդ հատվածում 6 կորտ կա։
0Comments