Ես նույնպես ստացել եմ պարգևավճար. Փոխվարչապետ

Անդրադարձ Արթուր Գրիգորյանի աշխատանքից ազատմանը

«Կառավարությունում նույնպես գործել է որոշակի պարգևավճարների համակարգ, մեր գրասենյակի աշխատակիցները տարեվերջին նույնպես ստացել են որոշակի պարգևավճարներ։ Ես նույնպես ստացել եմ պարգևավճար։ Չափը չեմ հիշում,  երևի մոտավորապես 13–րդ աշխատավարձի չափով, բայց կոնկրետ չափը չեմ կարող ասել»,- լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով, եթե ուզում են ունենալ մրցունակ և բարձր որակներով լի պետական կառավարման համակարգ, պետք են բարձր որակի կադրեր։ Խոսելով կառավարության կառուցվածքի օպտիմալացման մասին, Տիգրան Ավինյանն ասաց, որ այն տեղի է ունենում պետական կատավարման համակագը բարձրացնելու նպատակով։

«Օպտիմալացման հիմնական նպատակը այն է, որ պետական համակարգում աշխատավարձերը բերենք, հասցնենք գոնե մասնավորի հետ փոքր ինչ մրցունակ լինելու շեմին»,- նշեց փոխվարչապետը։
Տ. Ավինյանն ասաց, որ դա հնարավորություն կտա, որպեսզի լավագույն կադրերը պետական համակարգից չհեռանան, նրանց կարողությունները պահպանվեն պետական համակարգում, զարգանան, իրենց հետևից բերեն երկրի զարգացում։

«Կադրերից կախված է գրեթե ամեն ինչ»,- նշեց փոխվարչապետը։

Խոսելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի աշխատանքից ազատվելու մասին, մասնավորապես ի՞նչ հիմնավորումով է ազատվել, Տ. Ավինյանն ասաց, որ թյուրընկալում  կա վարչական պաշտոնների վերաբերյալ, Արթուր Գրիգորյանը զբաղեցնում էր վարչական պաշտոն և իր լիազորությունների շրջանակը հստակ ամրագրված է  օրենքներով։

«Դա մի պաշտոն է, որը պահանջում է այդ ոլորտում փորձ։ Վարչական պաշտոնում անկողմնակալություն, անաչառություն է պահանջվում, որպեսզի հստակ այդ բալանսը կարողանաս գտնել և լիազորությունների շրջանակից երբևէ դուրս չգաս։ Մենք նպատահարմար չենք համարել պարոն Գրիգորյանի պաշտոնավարումը, որովհետև չենք տեսել, որ իր պաշտոնավարումը համապատասխանում է այն  պաշտոնին, որին ինքը նշանակված է»,- ասաց փոխվարչապետը։ 

Աղբյուր` Panorama.am