Արդեն սովորել ենք այս իրավիճակում ապրելուն, խուճապի կարիք չկա․ պաշտպանության փոխնախարարը՝ Երասխի կրակոցների մասին

Մանրամասներ

Սրանից շուրջ 30 րոպե առաջվա դրությամբ և այս պահին ևս իրավիճակը հարաբերականորեն կայուն է, որևէ զինատեսակից կրակոցներ չկան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Երասխում Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու և կրակոցներ արձակելու հանգամանքին, ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Հարցին՝ հատո՞ւկ են թիրախավորել վիրավորում ստացած քաղաքացիներին ու ինչ վնաս է կրել գործարանը, փոխնախարարը նշեց, որ հանդես կգան լրացուցիչ հաղորդագրությամբ։

«Երկու քաղաքացիներն էլ գտնվում են քաղաքացիական բուժհաստատություններում և նրանց վիճակի մասին տեղեկություն պետք է հաղորդի Առողջապահության նախարարությունը։ Ես տեղեկացա, որ Արարատի մարզպետը հայտնել է, որ նրանք ազգությամբ հնդիկներ են, իսկ թե որ երկրի քաղաքացիներ են, լրացուցիչ կհայտարարվի։ Սահմանային իրավիճակն էլ շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն, նկատվում է որոշակի լարվածության միտում, որը չի նպաստում բանկացային գործընթացի դրական ընթացքին ու առաջացնում է բացասական հետևանքներ։ Որևէ խուճապի կարիք չկա, որովհետև մենք ապրում ենք մի տարածաշրջանում, երկրում, որ արդեն սովորել ենք այս իրավիճակում ապրելուն, պետք է լինենք զգոն, վստահ, որ ԶՈՒ-ն համարժեք պատասխան է տալիս»,- ասաց փոխնախարարը։

Սարգսյանը նշեց, որ արձակվածը հեռահար կրակոցներ են, առաջխաղացում չի նկատվում։ Հարցին՝ իրավիճակի շարունակական լինելու պարագայում ո՞րը պետք է լինի հայկական կողմի հակաքայլը, փոխնախարարը նշեց․

«Ոչ միայն ՊՆ-ն, այլև ԱԳՆ-ն ու մյուս շահագրգիռ պետական մարմիններն արձագանքում են, անընդհատ տեղեկատվություն տրամադրելով ու տեղեկության վերլուծությամբ ակնհայտ կդառնա՝ որն է իրական նպատակը։ Նպատակը լարվածություն ստեղծելն է»։