«Բանակում ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանք է». Հայկ Սարգսյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

«Վերջին տարիներին ամբողջ աշխարհում, ցավոք սրտի, նաև Հայաստանում գրանցված ինքնասպանությունների զգալի մասի պատճառը խաղամոլությունն է»,- ԱԺ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Պատգամավորը ընդգծեց, որ խաղամոլությունից անմասն չի մնում նաև բանակը, որը մեր հասարակության հայելին է: «2024թ.-ին բանակում տեղի ունեցած ցավալի ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանքով է տեղի ունեցել»,- նշեց պատգամավորը՝ կոչ անելով զերծ մնալ խաղամոլությունից, որը կախվածություն և հիվանդություն է։
Նշենք՝ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի պետական տուրքը:

Նախագծի սկզբնական տարբերակում պատգամավորն առաջարկում էր շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության համար սահմանել 10 տոկոս շրջանառության հարկ։

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների ընթացքում կառավարությունն առաջարկել է խաղային ոլորտի համար բեռի բարձրացումը կատարել պետական տուրքի դրույքաչափերի շարունակական բարձրացման տրամաբանությամբ: «Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով 2 անգամ կավելանան օնլայն կազինոների և բուքմեյքերական գործունեության տուրքերը: Կունենանք տարեկան շուրջ 13 մլրդ դրամ հավելյալ պետական եկամուտներ»,– հայտնեց Հայկ Սարգսյանը