Արայիկ Հարությունյանը «զգույշ» բառի փոխարեն պետք է ասեր «նրբանկատ»․ Հովիկ Աղազարյան

Մանրամասներ

Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն Արցախի ինքնորոշման իրավունքի հետ կապված որևէ տեսակետ, մոտեցում ցուցաբերել առանց Արցախի իշխանությունների հետ համաձայնեցնելու, այնպես որ Արայիկ Հարությունյանի անհանգստություններն անտեղին են։ Tert.am-ի հետ զրույցում արձագանքեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ խոսելով Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին ուղղված կոչի մասին։

Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում ԱՀ նախագահը հորդորել է ՀՀ իշխանություններին Լեռնային Ղարաբաղի հետ կապված լինել շատ զգույշ։ Ըստ Հարությունյանի՝ ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու և սահմանափակելու Արցախի ինքնորոշման իրավունքը։ Նա նաև հորդորել է Հայաստանի իշխանություններին զերծ մնալ այն քայլերից, հայտարարություններից, որոնք կարող են կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշումը։

Հովիկ Աղազարյանն Արցախի նախագահի այս հայտարարության հետ կապված դիտարկում արեց։

«Եթե Արայիկ Հարությունյանը զգույշ բառն է օգտագործել, ապա ես կարծում եմ, որ այդ բառը տեղին չէ և լավ կլիներ՝ ասեր նրբանկատ։ Հայաստանի այսօրվա իշխանությունները՝ 2018 թվականից հետո Արցախի հարցի հետ կապված որևէ բան արե՞լ են առանց Արցախի իշխանությունների հետ համաձայնեցնելու։ Չկա՛ նման բան, ոչ էլ կարող է լինել։ Արցախի ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունների ցանկացած դիրքորոշում մեզ համար հիմք է արտաքին քաղաքականության հարաբերություններում։ Այդ մասին ամբողջ աշխարհը գիտի», - նկատեց իշխանական պատգամավորը։

Ինչ վերաբերում է Հարությունյանի հայտարարությանը, թե Ադրբեջանի և ՀՀ որոշ ուժերի նպատակն Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումն է, Հովիկ Աղազարյանը չի կարծում, թե Հայաստանում այդպիսի ուժեր լինեն։

«Չեմ կարծում, թե իշխանական, ընդդիմության թևերի որևէ ներկայացուցիչ այդպիսի դիրքորոշում ունենա, բնականաբար, Ադրբեջանում կան և դա նրանց պետական քաղաքականությունն է։ Մեզ մոտ որևէ մեկի մոտ այդպիսի բան չեմ նկատել»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։