ՀՀ դեսպանությունը հերքում է Հայաստանից Վրաստան հատուկ ջոկատայիններ ուղարկելու մասին տեղեկությունը

Մանրամասներ

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հերքում է վրաստանյան մեդիադաշտում տարածված լուրը, թե թբիլիսյան ցույցերը ցրելու համար Հայաստանի Հանրապետությունից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից «Ալիք մեդիա»-ին ասացին, որ տարածված տեղեկությունը կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ.

«Կոչ ենք անում և հորդորում ԶԼՄ-ներին զերծ մնալ նմանատիպ ստահոդ տեղեկատվության տարածումից, ինչպես նաև չտրվել սադրանքների»։

Վրաստանյան pirvelinews.com լրատվականը՝ հղվելով մի անանուն ցուցարարի, տեղեկություն էր տարածել, թե Հայաստանից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։

«Սկանդալային տեղեկություններ են տարածվում, որ Հայաստանից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան․ բոլորը ռուսերեն են խոսում», — pirvelinews.com-ի փոխանցմամբ, ասել է ցուցարարը՝ նշելով, թե այդ ռուսերեն խոսակցություններից ձայնագրություն ունի։