USAID-ն հեղափոխական գործընթացներ էր ծրագրել Վրաստանում. Իրակլի Կոբախիձե

Մանրամասներ
Իարկլի Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) կոպտորեն միջամտել է երկրի քաղաքական գործընթացներին և ծրագրել ու իրականացրել հեղափոխական սցենարներ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Պետք է ևս մեկ անգամ մեր գոհունակությունը հայտնենք, որ ԱՄՆ նոր վարչակազմը խոսում է այն մասին, ինչի մասին մենք խոսում ենք 3-4 տարի: Իհարկե, USAID-ն նաև կոպտորեն միջամտել է Վրաստանում երկրի քաղաքական գործընթացներին, մասնավորապես՝ ընտրական գործընթացներին, առավել ևս` հեղափոխական գործընթացների պլանավորմանն ու իրականացմանը… Այդ ամենը բացարձակապես անընդունելի է»,–լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք` ամերիկյան վարչակազմի որոշմամբ Վաշինգտոնում փակվել է USAID–ի կենտրոնակայանը, շենքից հանվել է ցուցանակը: Փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ գործակալությունն ամբողջ աշխարհի իր վարձու անձնակազմին ուղարկում է հարկադիր պարապուրդի։

Այժմ USAID–ի տնօրենի պարտականությունները Սամանտա Փաուերի փոխարեն կատարում է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ գործակալությունը պատշաճ կերպով չի համագործակցել Պետքարտուղարության նոր ղեկավարության հետ:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը, խոսելով USAID–ի ծախսերի մասին, գործակալության կողմից գումարների բաշխման համակարգն անվանել էր «վատնում և չարաշահում»: