Վրաստանում կընդունեն մեդիա-օրենք եւ կսահմանափակեն ԶԼՄ-ների ֆինանսավորումն օտարերկրյա աղբյուրներից

Մանրամասներ
վրաստան

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ռուսական անալոգից հետո «Վրացական երազանքը» որոշել է ընդունել լրատվամիջոցների մասին օրենք։ Խորհրդարանում կուսակցության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն ասել է, որ Վրաստանի խորհրդարանում «Լրատվամիջոցների մասին օրենք» է նախաձեռնվելու, տեղեկացրել է Sova-ն։

Նա ընդգծել է, որ նոր օրենքը կընդունվի բրիտանական մոդելով։

Նոր օրենքը կսահմանի լրատվամիջոցների օբյեկտիվության եւ լրագրողական էթիկայի չափանիշները: Մդինարաձեն նշել է, որ կորոշվի մոնիթորինգի եւ լրատվամիջոցների աշխատանքի չափանիշներին համապատասխանող մեխանիզմ։

«Վաղվանից կսկսենք աշխատանքը, եւ կնախաձեռնվի ԶԼՄ-ների մասին օրենքը, որը կընդունվի բրիտանական մոդելով եւ օրենքին համապատասխան։

Օրենքը կսահմանի ԶԼՄ-ների օբյեկտիվության եւ լրագրողական էթիկայի չափանիշները: Կորոշվեն մոնիթորինգի եւ այդ չափանիշներին համապատասխանելու ինստիտուցիոնալ մեխանիզմները»,- նշել է նա։

Պատգամավորն ավելացրել է, որ արտաքին աղբյուրներից ֆինանսավորումը սահմանափակվելու է նաեւ լրատվամիջոցների համար։

Բնականաբար, դա չի վերաբերում այն եկամուտներին, որոնք ստացվում են կոմերցիոն գովազդից եւ նման այլ եկամուտներից»,- ասել է Մդինարաձեն։