«Շվեյցարական Credit Suisse բանկը խախտում է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի իրավունքները՝ սահմանափակելով գործարարի հասանելիությունը իր իսկ ֆինանսներին». այս մասին ասված է MKD իրավաբանական ընկերության հայտարարության մեջ, որը ներկայացնում է Իվանիշվիլիի շահերը Credit Suisse-ի հետ վեճում։
Մարտ ամսին հայտնի էր դարձել, որ Credit Suisse-ն, որի հետ Իվանիշվիլին շարունակում է դատական վեճը, սառեցրել է գործարարին պատկանող 2,7 մլրդ ֆունտ այն բանի հիման վրա, որ միջոցները կարող են ռուսական ծագում ունենալ: Ավելի ուշ փաստաբանները հայտարարել են, որ բանկը Իվանիշվիլիի վրա «քաղաքական ճնշում» է գործադրում, և դա կապված է ռուս-ուկրաինական պատերազմի և Վրաստանի ներքաղաքական կյանքի հետ:
Իվանիշվիլին, ով հիմնադրել է Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, մեկուկես տարի առաջ լքել է քաղաքականությունը։ Ընդդիմադիրները կարծում են, որ նա շարունակում է ղեկավարել երկիրը «կուլիսների հետևից», և նրան ենթակա են ոչ միայն բոլոր նախարարները, այլև՝ պետական ինստիտուտները։
0Comments