ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 2024 թվականին 111,5 մլն դոլար է հատկացրել, որպեսզի աջակցի Վրաստանի ընտրություններին, «օրենքի գերակայությանը» և քաղաքացիական հասարակությանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հիմնվելով «ForeignAssistance.gov» ամերիկյան կայքի տվյալների վերլուծության վրա։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ 2024 թվականի սեպտեմբերի վերջին երկիր են ժամանել Սերբիայի երեք քաղաքացիներ՝ «Կանվաս» կազմակերպությունից` երիտասարդներին և ազդեցիկ ՀԿ-ների անդամներին իշխանությունը տապալելու մարտավարություններ սովորեցնելու համար։ Քննության վարկածով՝ նրանց դասընթացներն ու համաժողովները ֆինանսավորվել են Վրաստանում USAID-ի ներկայացուցչության կողմից։ Դրանից հետո Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ԱՄՆ ՄԶԳ-ին մեղադրել էր երկրի քաղաքական գործընթացներին միջամտելու մեջ:
ՌԻԱ Նովոստիի ուսումնասիրած տվյալների համաձայն՝ 2024 թվականին 8,58 մլն դոլար է ուղղվել «օրենքի գերակայության ամրապնդման» ծրագրերին, ևս 6,33 մլն դոլար՝ «ընտրական և քաղաքական գործընթացներին աջակցելուն»: Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ն 4,35 մլն դոլար է հատկացրել «քաղաքացիական հասարակության ներգրավմանը»։ Այդ ծրագրերն ընդգրկվել են Վրաստանում գործակալության ֆինանսավորման խոշորագույն ուղղությունների տասնյակում, որոնց համար ընդհանուր առմամբ հատկացվել է 111,5 մլն դոլար:
Համեմատության համար նշենք, որ 2023 թվականին գերակա ուղղությունների թվում են եղել «օրենքի գերակայությունը» (8,99 մլն դոլար) և «քաղաքացիական հասարակությունը» (3,8 մլն դոլար), սակայն այն ժամանակ «ընտրություններին աջակցելու» ծախսերը ծրագրի նույնիսկ առաջին տասնյակում չէին։ 2022 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ն 3,14 մլն դոլար է հատկացրել «օրենքի գերակայության» համար, այսպիսով այդ ծրագիրը ֆինանսավորման ծավալով 10-րդն է դարձել երկրում ֆինանսավորվող ծրագրերի ցանկում։
Հիշեցնենք` 2024 թվականի հոկտեմբերին Վրաստանում բողոքի ցույցեր սկսվեցին «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից հետո (այս կուսակցությունը կողմ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանվեն, և դեմ է հակառուսական պատժամիջոցներին)։ Բողոքի ալիքն ավելի բուռն ընթացք ստացավ, երբ իշխանությունը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը մինչև 2028 թվականը հանում են օրակարգից, քանի որ այդ հարցն օգտագործվում է որպես շանտաժի գործիք։ Ընդդիմության առաջնորդներն ու նրանց համախոհները պահանջում են խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել, իսկ հոկտեմբերի 26-ի ընտրությունները կեղծված են որակում։ Ակցիաների ընթացքում իրավապահները մի քանի հարյուր մարդ են ձերբակալել։
Միաժամանակ ԱՄՆ-ում թափ է հավաքում USAID-ի ապագայի շուրջ բանավեճը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ղեկավարում է միլիարդատեր Իլոն Մասկը, ջանքերը կենտրոնացրել է գործակալության լուծարման վրա: Մասկը փետրվարի 2-ին ԱՄՆ USAID–ն անվանել է «հանցավոր կազմակերպություն», որի «մեռնելու ժամանակն է»: X սոցիալական ցանցում առանձին հրապարակման մեջ նա հայտարարել էր, որ գործակալությունը «Ամերիկան ատող արմատական ձախ մարքսիստների օձաբույն է»։
0Comments