ՌԴ-ն մտադիր է շարունակել սերտ հարաբերություններն Իրանի հետ. Պեսկովը՝ Թրամփի որոշման մասին

Մանրամասներ
Պեսկով

Ռուսաստանը մտադիր է շարունակել սերտ հարաբերությունները Իրանի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք մտադիր ենք շարունակել սերտ հարաբերություններն Իրանի հետ, որը մեր գործընկերն է։ Մենք ամենատարբեր ոլորտներում ունենք բազմակողմանի համագործակցություն և կշարունակենք ու կզարգացնենք դրանք», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով Իրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությունը վերսկսելու՝ Թրամփի որոշման մասին լրագրողների հարցին:

Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու մասին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգները ստիպված չի լինի այն հաճախակի գործադրել: Ի պատասխան, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկրի վրա «առավելագույն ճնշման»՝ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկվող քաղաքականությունը ձախողված է: