Մենք շարունակում ենք մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ. Ես ԵԱՏՄ-ում մեր հարաբերությունները կգնահատեի նորմալ։ Այս մասին Antlantic council-ում ունեցած իր ելույթի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ԵԱՏՄ-ն գործում է և մենք աշխատում ենք դրա շրջանակներում։ Մյուս կողմից, մենք կասեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, որն անվտանգային մեր հիմնական գործընկերն էր։ Այս որոշումը կայացնելու պատճառն այն իրավիճակն էր, երբ ՀԱՊԿ-ը չկատարեց Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու իր պարտականությունները։
Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ այժմ մենք գտնվում ենք մեր արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում դիվերսիֆիկացնելու գործընթացի մեջ, սկսած տնտեսությունից` մինչև անվտանգություն»,-ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով, Հայաստանը խորացնում է հարաբերությունները Եվրամիության հետ. «Անցած տարի Եվրամիության հետ մեր հարաբերություններում մի շատ կարևոր բան տեղի ունեցավ։ Սկսած 2022 թվականից քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայված է Հայաստան-Ադրբեջան սահմանին, և սա առաջին անգամն է, որ Եվրամիությունը որևէ կերպով մասնակցություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության օրակարգում։ Մենք զարգացնում ենք համագործակցությունը Եվրամիության հետ։ Վերջերս մեկնարկեցինք վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, և հույս ունենք այն ավարտին հասցնել հնարավորինս արագ»:
0Comments