Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի գրասենյակից։
Վարչապետի գրասենյակից հիշեցրել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․ – «2024-ի դեկտեմբերի 19-ին, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, Փաշինյանը նշել է՝ «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»։
2025 թվականի հունվարի 8-ին իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան և ընդգծել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող այդ խոսույթից Ադրբեջանի հրաժարվելու և խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը»:
«Ազատության-ն» այսօր ուղարկված պատասխանում նշվում է՝ «Հայաստանի Հանրապետությունը միանշանակ և աներկբա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստ է դա վերահաստատել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ինչպես նաև վերոնշյալ գրառման մեջ նշված մյուս բոլոր նախաձեռնությունների ու քայլերի իրագործմամբ: Կառավարությունից կարևորել են, որ Ադրբեջանը նույնպես միանշանակ և աներկբա ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»:
Վարչապետի գրասենյակից ընդգծել են՝ այս թեմաները քննարկվել են Փաշինյան-Ալիև՝ 2024թ. հոկտեմբերին Կազանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալից հայտարարություններից երկու օր անց՝ հունվարի 9-ին, Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի Հանրապետության անունից 12 կետանոց, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկ է արել, ինչը և տևական ժամանակ Բաքուն էր պահանջում, իսկ Երևանից արձագանքում էին՝ խաղաղության պայմանագրից հետո։
«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր Փաշինյանից, թե արդյոք Մինսկի խմբի լուծարման համատեղ դիմում արդեն իսկ ներկայացվե՞լ է կամ կա՞ պայմանավորվածություն, երբ կներկայացվի (Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ լուծարման համար երկու երկրները պետք է դիմեն) և արդյոք Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման համար, եթե Ադրբեջանը չընդունի Փաշինյանի հրապարակած մյուս առաջարկները։
«Ազատություն»-ը նաև հետաքրքրվել էր Փաշինյանինց, թե արդյոք այս առաջարկը/ները Իլհամ Ալիևին ներկայացրե՞լ է նաև պաշտոնական խողովակներով։
0Comments