Արեւմուտքի նպատակը Ռուսաստանի վերացումն է․ Պուտին

Մանրամասներ

Արեւմուտքը մեկ նպատակ ունի՝ վերացնել Ռուսաստանը։ Այս մասին կիրակի օրը՝ փետրվարի 26-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

«Նրանք մի նպատակ ունեն՝ կազմաքանդել նախկին Խորհրդային Միությունը եւ դրա հիմնական մասը՝ Ռուսաստանի Դաշնությունը,- ընդգծել է ՌԴ ղեկավարը,- Եվ այդ ժամանակ, գուցե, նրանք մեզ ընդունեն, այսպես կոչված, քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիք, բայց միայն յուրաքանչյուր մասն առանձին»:

ՌԴ նախագահի խոսքով, նույնիսկ նման «ընդունումը» կլինի միայն այն բանի համար, որ մասնատված մասերը բռնագրավեն, դրանք վերահսկեն։

Պուտինը նաեւ նշել է, որ այս ֆոնին Մոսկվան հաշվի է առնում ՆԱՏՕ-ի եւ նրա դաշնակիցների ներուժը, այդ թվում՝ միջուկային։

ՌԴ նախագահը հավելել է, որ Սպիտակ տան հայտարարած հակառուսական պայքարում ներգրավված ԱՄՆ արբանյակները չեն գիտակցում Վաշինգտոնի եսասիրական մտադրությունները։