Կարմիր ծովում խորտակվել է հութիների խոցած, 21,000 տ պարարտանյութով բրիտանական բեռնանավը

Մանրամասներ
Եմեն

Բրիտանիային պատկանող, Բելիզի դրոշով  MV Rubymar բեռնանավը մարտի 2-ին՝ ժամը 02:15-ի սահմաններում, խորտակվել է Կարմիր ծովում՝ փետրվարի 18-ին հութիների հականավային բալիստիկ հրթիռի խոցումից հետո, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Մոտավորապես 21,000 մետրիկ տոննա ամոնիումի ֆոսֆատի սուլֆատով պարարտանյութը, որը տեղափոխում էր նավը, բնապահպանական վտանգ է ներկայացնում Կարմիր ծովի համար: Քանի որ նավը խորտակվում է, այն վտանգ է ներկայացնում նաև այլ նավերի համար, որոնք անցնում են ջրային ճանապարհի բանուկ նավագնացության ուղիներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ հութիները «մեծ վտանգ են ներկայացնում համաշխարհային ծովային գործունեության համար»:

«Միացյալ Նահանգները և դաշինքի գործընկերները նախկինի պես հավատարիմ են նավագնացության ազատությունը պաշտպանելուն՝ ձգտելով մեծացնել  առևտրային նավագնացության համար միջազգային ջրերի անվտանգությունը», - նշել է CENTCOM-ը: