Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության ղեկավար Շոխին Սամադին ասել է, որ ներկայումս իշխանությունները չեն դիտարկում Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) երկրի հնարավոր անդամակցության հարցը։
Ինչպես գրում է kommersant.ru-ն, Սամադին այսպես է պատասխանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն առ այն, ով Մոսկվան լիահույս է, որ Տաջիկստանը շուտով «իր համար կորոշի ԵԱՏՄ-ին անդամակցելու առավելությունները»։
Ինչպես պարզաբանել է ԱԳՆ ներկայացուցիչը, կողմերը ԵԱՏՄ-ին Տաջիկստանի ինտեգրման հարցը չեն քննարկել ո՛չ հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը, ո՛չ էլ երկրի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինի հետ բանակցություններում։
«ԵԱՏՄ-ին Տաջիկստանի անդամակցության հարցը օրակարգում չկա. Դուշանբեում հանդիպումների ժամանակ շեշտը դրվել է բացառապես առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ընդլայնման, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցության հարցերի վրա»,- ՏԱՍՍ-ին ասել է Շոխին Սամադին։
Տաջիկստանի` ԵԱՏՄ-ին (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) միանալու հարցը քննարկվում է 2015 թվականից։ Հունիսի 6-ին Դուշանբե կատարած այցի ժամանակ Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Տաջիկստանի իշխանությունները, այնուամենայնիվ, «շուտով կորոշեն Եվրասիական տնտեսական միությանը միանալու առավելությունները»։
Տաջիկստանը չի դիտարկում ԵԱՏՄ-ին միանալու հարցը. երկրի ԱԳՆ-ն պատասխանել է Լավրովին
Մանրամասներ
0Comments