Եվրոպային անվտանգության պատմական թեստ է սպասվում. Չեխիայի վարչապետ

Մանրամասներ
Պետր Ֆիալա

Եվրոպային պատմական մեծ փորձություն է սպասվում, նա ինքը պետք է հոգ տանի իր անվտանգության և լավ ապագայի մասին, հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան:

«Եվրոպան ինքը պետք է հոգ տանի իր անվտանգության և լավ ապագայի մասին։ Ոչ ոք մեզ համար դա չի անի ... Մենք պետք է ավելացնենք ռազմական աջակցությունը Ուկրաինային», - գրել է Ֆիալան X ցանցում:

Չեխիայի վարչապետի խոսքով՝ եթե եվրոպացիները ցանկանում են կայուն և երկարաժամկետ խաղաղություն, ապա նրանք պետք է լավ զինվեն, ինչը հնարավոր չի լինի առանց պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի առնվազն 3%-ի հասցնելու:

«Ցանկացած ոք, ով հակառակն է պնդում, սպառնում է Չեխիայի ազգային անվտանգությանը։ Եվ երեկվանից հետո (Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո- խմբ.) դա ավելի ակտուալ է դարձել, քան երբևէ։ Մեր պատմական փորձը ցույց է տալիս, որ եթե մենք բավականաչափ արագ ջանքեր չգործադրենք, ապա գործը լավ ավարտ չի ունենա: Հենց դրան էլ հավատարիմ կմնամ վաղը Լոնդոնում կայանալիք հանդիպմանը», - հավելել է Ֆիալան։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը՝ մարտի 2-ին, կանցկացնի Ուկրաինայի հարցով գագաթնաժողով, որին հրավիրել է Վլադիմիր Զելենսկուն (նա Վաշինգտոնից մեկնել է Լոնդոն) և ավելի քան 10 եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Չեխիայի ներկայացուցիչներին: Սթարմերն ու Մակրոնը մտադիր են դաշնակիցներին պատմել ԱՄՆ նախագահի հետ իրենց բանակցությունների արդյունքների մասին։ Սա հատկապես ճիշտ է Զելենսկու և Թրամփի միջև փետրվարի 28-ին Օվալաձև տանը տեղի ունեցած վիճաբանության ֆոնին։

Ընդ որում, Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկն արդեն կոչ է արել Գերմանիայի խորհրդարանին անհապաղ հավանություն տալ Ուկրաինային լրացուցիչ 3 մլրդ դոլարի հատկացմանը:

«Մենք պետք է ևս մեկ անգամ և անհապաղ ընդլայնենք մեր աջակցությունը Ուկրաինային Գերմանիայի կողմից։ Ես կոչ եմ անում Բունդեսթագում ներկայացված բոլոր դեմոկրատական կուսակցություններին հավանություն տալ Ուկրաինայի համար 3 մլրդ եվրոյի հատկացմանը, որն ավելի վաղ արգելափակվել էր», - նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։