Ներընդդիմադիր զարգացումներին վերաբերող վերջին հոդվածիցս հետո ուրախ եմ փաստել, որ մեր գործընկերները նույնպես վերադարձրեցին քննարկումները բովանդակային և փաստարկային դաշտ, առնվազն ֆլագման մեդիայի, ֆլագման հաղորդմանը, A մակարդակի հյուրի ձևաչափով։
Նրանք ճիշտ են հասկացել նաև այն հանգամանքը, որ բովանդակային քննարկումների իմաստով հարկ չկա կաշկանդվելու իմ՝ կալանավորված լինելու հանգամանքով, քանզի տվյալ պարագայում ես «զենք» եմ դիտարկում արգումենտացված պնդումները, այլ ոչ թե դրանք ներկայացնելու ձևաչափերը։ Իհարկե, եթե կարողանայի անձամբ և եթերում բարձրաձայնել տեսակետներս, ապա կուժաղացնեին դրանց էմոցիոնալ տպավորությունը, բայց ոչ ասելիքի խորությունը։
Շնորհակալ եմ զուգահեռաբար ինձ ուղղված ազատության մաղթանքների համար, մանավանդ, որ ժամանակին, ազատության մեջ գտնվելով, փակ ձևաչափերով քանիցս քննարկել եմ այս՝ իրար չհարվածելու թեման՝ երկրորդ նախագահի պատկան ներկայացուցիչների հետ։
Էպիստոլյար ժանրի կանոններին համապատասխան այս ներածությունից հետո թույլ տվեք անցնել բուն ասելիքին, որը, ընթերցողի գործը հեշտացնելու համար, կներկայացնեմ մեր գործընկերների կողմից առաջ քաշվող թեզերի ժամանակագրական վերլուծությամբ։
Եվ այսպես։
1. 1998-2008 թվականներ։ Երկրորդ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածն, անշուշտ, լի է ոչ միայն դժվարություններով, մարտահրավերներով, մեզ բաժին հասած ողբերգական իրադարձություններով, այլև դրանք հաղթահարելու, Հայաստանի արտաքին, անվտանգային, պաշտպանական, տնտեսական ոլորտների հաջողությունների պատմություններով, որոնց բաղկացուցիչ և կարևոր մաս է կազմել նաև Հանրապետականը։ Որպես երկրորդ նախագահի քաղաքական հենարան՝ այդ տարիների կառավարության ղեկավարների (Վազգեն Սարգսյան և Անդրանիկ Մարգարյան), անվտանգային և քաղաքական առանցքային պատասխանատուների (Սերժ Սարգսյան) հանգուցային դերակատարությամբ։ Որպես թե՛ 1998-ի, թե՛ 2003-ի ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի առաջադրման և հաղթանակների հուսալի դաշնակից։ Ուստի, երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիների հաջողությունները, որոնց մասին միակողմանիորեն այդքան սիրում են հիշեցնել մեր գործընկերները, ինչպես նաև հանրության կողմից առ այսօր բարձրաձայնվող խնդիրները, նաև մերն են։
2. 2008-2018 թվականներ։ Մեր գործընկերների փորձերը՝ այդ ժամանակահատվածը ներկայացնել որպես երկրորդ նախագահի՝ քաղաքականությամբ չզբաղվելու, ու, միևնույն է, մեր կողմից թիրախավորվելու տարիներ, մեղմ ասած, իրականության հետ աղերս չունեն։
Եվ այստեղ ամենաուժեղ փաստարկը հենց երկրորդ նախագահի՝ տարիներ առաջ արած հայտարարությունն էր առ այն, որ նա չի պատրաստվում դառնալ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն։ Ասեց և արեց: Այդ 10 տարիների ընթացքում նախագահ Քոչարյանի ներկայաթյունը շեշտված էր Հայաստանի քաղաքական կյանքում և այն հիմնականում ուղղված էր հենց նախագահ Սարգսյանի քաղաքականության դեմ։ Այդ մասին էին տարբեր առիթներով արված իր հրապարակային հայտարարությունները, այդ տարիներին իր հետ շաղկապվող քաղաքական որոշ ուժերի ընդդիմադիր ակտիվությունը, այդ քարոզչական թելը թելող, Նիկոլի ՀԺ-ից ոճով, զրպարտություններով և շանտաժով չտարբերվող մի շարք կայքերի թունավոր հակաքարոզչությունը Սերժ Սարգսյանի և Հանրապետականի դեմ: (Ի դեպ, երկրորդ նախագահին սատարող այդ կայքերից մեկում աշխատած, երրորդի դեմ անզուսպ լեղարձակող գրչակներից մեկն այսօր զբաղեցնում է ՀՀ ԱԽ քարտուղարի պաշտոնը։ (Совпадение? )
Ավելին, 2011 թվականի սեպտեմբերին նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ չի բացառում ակտիվ քաղաքականություն իր վերադարձը։ Իսկ գուցե բուրժուադեմոկրատական հեղափոխություն անող, երրորդ նախագահի դեմ ագրեսիվ գործողություններ նախաձեռնած եռյակում նախագահ Քոչարյանի հետ այդ ժամանակ ասոցացվող երկու կուսակցությունների ներկայությունը նույնպե՞ս պատահականություն էր։ Ի մի բերելով այս ժամանակահատվածը՝ ափսոսանքով փաստեմ, որ այդ ընթացքում ապատեղեկատվության և հակաքարոզչության մակարդակը առնվազն թույլ չի տալիս մեկ կողմին ներկայանալ որպես «թիրախ» կամ «զոհ»։
3. 2018-ի մարտ-մայիս։ Շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ փաստացի բաց խոստովանեցին, որ «Սերժն ա բերել Նիկոլին» կեղծ պնդումը և դրա հետևողական տարածումը իրենց աշխատանքային կաբինետներից է իրականացվել։ Մենք էլ զարմանում էինք, թե որտեղի՞ց այդ միֆը մեյդան եկավ ու դեռ միամտաբար քննարկում այդ հարցը մեր ընդդիմադիր գործընկերների հետ։ Պատկերացնում եմ, թե հոգու խորքում ոնց էին զվարճանում իմ միամտության վրա։ Ուզում եմ անկեղծորեն հասկանալ, թե ինչո՞ւ է այդ կեղծ և նենգ հակաքարոզչությունն ուղղվել մեր դեմ, ո՞րն էր մեջքից մեզ խփելու նման կասկածելի հնարքի շարժառիթը։ Չէ՞ որ մեր գործընկերներից շատերը իրենց, ոչ թե Սարգսյանի կամքով էին 2018-ին հայտնվել «Սերժ մերժողների» էքզալտացված շարքերում։ Չէ՞ որ այդ ժամանակ նրանք չէին խորշում Նիկոլի ձեռքերով երրորդ նախագահին պաշտոնանկ անելու շանսից։ Չէ՞ որ դա փաստացի իրենց կողմից այդքան երկրպագվող գեոպոլիտիկ կենտրոնի սրտով էր։
Ի վերջո, մենք ի՞նչ մեղք ունեինք, որ «Սերժին մերժելուց» հետո նրանք չկարողացան «պերեխվատ» անել «հեղափոխությունը»։ Որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իրադարձություններն իրենց ուզած սցենարով չգնացին։ Որ 2018-ի մայիսի 1-ին Հանրապետականի՝ ինքնազոհաբար Նիկոլին դեմ քվեարկելու շնորհիվ ժամանակ շահելուց նրանք չօգտվեցին։ Որ հայտնի մայրաքաղաքում կարծեցին, որ ոչինչ, Նիկոլի հետ էլ լեզու կգտնեն, а куда он денется՝ սկզբունքով։
Ձեր որոշ խոսացող գլուխներ անգամ Արցախի կորստից հետո պնդում են, որ «Սերժին մերժելը ճիշտ էր, Նիկոլի վարչապետությունն էր սխալ»՝ ինքնախաբեությամբ և գոնե ռետրոսպեկտիվ չհասկանալով, որ դա Հայաստանի դեմ իրականացված օպերացիայի նույն փուլերն էին։
Ի դեպ, այդ օրերին նախագահ Քոչարյանի կողմից արտահայտված և բրենդային դարձած ձևակերպումը, թե «իշխանությունը ճամպրուկ չէ, որ փոխանցեն Փաշինյանին»՝ հիշու՞մ եք, երբ է արվել։ Ասեմ. 2018-ի ապրիլի 29-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից 6 օր անց։ Կարո՞ղ եմ հարցնել. եթե դեմ էիք Սարգսյանին պարտադրվող հրաժարականին, ինչո՞ւ մինչ այդ հանրային սատարում չդրսևորվեց։
4. 2021-ի արտահերթ ընտրություններ։ Այս ժամանակահատվածին վերաբերող ռետրոսպեկտիվ գնահատականները նույնպես զարմանք առաջացրեցին ինձ մոտ։ Նախ, 2026-ի ընտրություններով հաղթել-չհաղթելու հնարավորությանը անդրադառնալ և 2021-ին նույն պատմության վերագնհատումը իրականացնել «Հանրապետականը երկու անգամ պարտվել է» թեզով՝ ընդհանրապես համոզիչ չէ, որովհետև ո՛չ 2018-ին, ո՛չ էլ 2021-ին Հանրապետականը ընտրություններով ոչ հաղթանակ է խոստացել, ոչ էլ իրատեսական է համարել այն։
Ավելին, հիշեք, խնդրում եմ, որ երբ դուք ուզում էիք գնալ ընտրությունների, իսկ մենք դեռ ձեզ խնդրում էինք դա չանել, ձեր ճամբարից սկսեցիք մեզ մեղադրել, որ ձեզ իբր մենակ ենք թողնում, որ իբր Նիկոլի դեմ վախենում ենք գնալ, որ իբր Նիկոլին հեռացնելուն դեմ ենք։ Ես 100 տոկոսով գիտեմ, որ վերջին պահին կայացված ՀՀԿ-ի որոշումը՝ մասնակցել այդ ընտրություններին (ինչին ես, մեկ է, դեմ եմ քվեարկել) ամբողջությամբ ընդունելի է եղել երկրորդ նախագահի կողմից։ Իսկ հիմա էլ մեզ ասում էք, թե «խանգարեցինք ձեր մաթեմատիկայի՞ն»։ Էդ ո՞նց։ Որ մենք չմասնակցեինք, դուք հաղթելո՞ւ էիք Նիկոլին։ Չէ՞ որ նույն երկրորդ նախագահն իր վերջին ասուլիսում ասաց, որ մեր հիպոթետիկ միավորումից սիներգիա չի լինի, որ մեր և ձեր ընտրողները մի մասով տարբեր են, որ մեր ձայների մի մասը ձեզ անհասանելի է (և հակառակը):
Ուստի, տղերք ջան, դուք ձեզանից խոսացեք. մենք վատն ենք, «նախկին» ենք, 2 անգամ պարտվել ենք ընտրություններում, «Նիկոլ ենք բերել», «ձեզ խանգարում ենք»… Հիմա որ մենք վերանանք, մահանանք, բանտարկվենք, լռենք, դուք ընտրություններով Նիկոլին հաղթելո՞ւ եք…
2026-ի մասին հիմա էլ չեմ գրում։ Կրկնեմ, նախագահ Քոչարյանը մինչ ասուլիսը լավ գիտեր նախագահ Սարգսյանի և Հանրապետականի մոտեցումները։ Իսկ կարո՞ղ է, այդուհանդերձ, մեր, ժամանակին՝ պրոդրոմալ, իսկ հիմա՝ ակտիվ մանիֆեստացվող տարաձայնությունների պատճառը ա՞յլ տեղ է։ Կարո՞ղ է դրանք գլոբալ գեոպոլիտիկ տեղաշարժերից լոկալ դեֆորմացիաների հետևանք է։
Չգիտեմ, մտածելու է…
Հետգրության փոխարեն։ Ցանկացած նորմալ երկրներում, այն էլ՝ փոքր, նախկին նախագահները ազգային հարստություն են։ ԲՈԼՈՐԸ։ Անկախ քաղաքական և գաղափարական տարաձայնություններից։ Թե՛ առաջինը, թե՛ երկրորդը, թե՛ երրորդը։ Իրենց փորձով, գիտելիքով, կապերով, իմաստնությամբ և ավանդով։ Ու հիմա էլ չմեղադրեք ինձ «լևոնական» լինելու մեջ։ «Բուրժուադեմոկրատական հեղափոխության» ականջը կանչի։ Մանավանդ, որ ՀԱԿ-ի գործընկերներն ինձ համար հարազատ, ձեր ֆլագման մեդիայի տաղավարներում վաղուց ավելի հաճախ են հյուրընկալվում, քան Հանրապետականները։ Ու ես իրենց էլ եմ ունկնդրում։
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
01.03.2025
0Comments