Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումներում անփոփոխ է. Աբրահամյան

Մանրամասներ
Սերժ Սարգսյան

Բելառուսի նախագահն ասաց, որ Սերժ Սարգսյանը նեղացել է իրենից, երբ ինքն Ալիևի բերանով իրեն առաջարկել է միլիարդներ Արցախի դիմաց, նա այլ մանրամասներ բացահայտեց 44-օրյա պատերազմի վերաբերյալ: 

Մեզ համար Արցախը մեր հայրենիքի մի հատվածն է, և այն, ինչ քոնն է, քո հայրենիքն է, քեզ համար սրբություն է և այն, բնականաբար, որևէ գնով վաճառքի ենթակա չէ:

Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իրենից նեղացել է, երբ ինքն Ալիևի բերանով նրան առաջարկել է միլիարդներ Արցախի դիմաց, ինչպես նաև Լուկաշենկոյի՝ 44-օրյային վերաբերող հայտարարություններին:

Ըստ Աբրահամյանի՝ պատահական չէ,  որ մի քանի անգամ իր խոսքում վերոնշյալ անձը նշել է, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է իրեն 6 մլրդ Ադրբեջանի նախագահին փոխանցելու համար:

«Կրկնում եմ՝ մեզ համար չի կարող հայրենիքը սակարկման թեմա լինել: Բացի այդ, հասարակության մեջ կան մարդիկ, որոնք սկսում են որևէ իրադրություն գնահատել կամ վերագնահատել այն ժամանակ, երբ այդ մասին դրսից են խոսում, մի բան, ինչը Սերժ Սարգսյանի ժամանակ՝ թե՛ նախագահի կարգավիճակում, թե՛ պաշտպանության նախարարի կարգավիճակում, բավականին հստակ հնչել է:

Ինչ մոտեցումներ, դիրքորոշումներ ունեցել է Սերժ Սարսգյանը մեր երկրի պաշտպանության առումով կամ բանակցային գործընթացի մասին 6 տարի առաջ, նույնը հնչեցրել է 10 տարի,  15 տարի, 20 տարի առաջ, ի տարբերություն այս իշխանության, որը հրապարակային խոստովանում է, որ շատ դեպքերում ստել է նույն թեմայի հետ կապված 2-3 տարբվա ընթացքում շրջադարձ է կատարում, Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումներում լինում է  անփոփոխ»,- ասաց նա: