«Ի՞նչ կընտրի Զելենսկին՝ Ուկրաինա՞ն, թե՞ իր աթոռը». Նաիրա Կարապետյան

Մանրամասներ
4

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ երկիրը ավերում է բանականության հետ կապերը խզած խամաճիկը…
Իսկ հիմա, երբ բոլոր կատակներն արված են ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների էմոցիոնալ հանդիպման մասին, մեկ հարց է մնում՝ կկարողանա՞ արդյոք Ուկրաինան ընտրել պետությունը փրկելու ուղին:

Ակնհայտ է, որ Զելենսկին գտնվում է իրեն իշխանության բերած և մինչ օրս օգտագործող ուժերի ազդեցության տակ և որևէ ինքնուրույնություն չունի: Արդյունքում Ուկրաինան անվերադարձ կորուստներ է կրում՝ ահռելի մեծ թվով զոհեր, հսկայական տարածքներ, ռեսուրսներ…

Կոնկրետ Զելենսկիին Ամերիկան մեղադրում է մեծ գումարների մսխման մեջ (350 միլիարդ դոլարի օգնության մոտ կեսը պարզ չի, թե ուր է անհետացել), նշում է, որ Ուկրաինան ունի հնարավորություն վերջապես վերջ դնելու մարդկային զոհերին, գնա հրադադարի և սկսի բանակցություններ, նշելով, որ սա փրկօղակ է Ուկրաինայի համար, քանի որ ԱՄՆ նախորդ նախագահները շահագրգռված չեն եղել խաղաղության հաստատման մեջ:

Եվրոպան, ելնելով իր շահերից (որոնց մասին դեռ կխոսենք), փորձում է Զելենսկիին սատար կանգնել՝ ընդամենը քաղաքական առևտրում նրան «թանկ ծախելու» համար:

Չմոռանանք, որ Օվալաձև գրասենյակում, ի թիվս այլ՝ ոչ արարողակարգային արտահայտությունների, Զելենսկիին մեղադրեցին Բայդենի օգտին նախընտրական քարոզչությամբ զբաղվելու մեջ:

Նման իրավիճակում հայտնված պետության ղեկավարի ադեկվատ պահվածքը կարող էր լինել 2 լուծմամբ.

- համաձայնել խաղի նոր կանոններին,

- հեռանալ՝ դեմքը փրկելով, տեղ զիջել ավելի անկախ, ավելի ինքնուրույն, ավելի խելացի քաղաքական գործիչների՝ Ուկրաինային խաղաղություն բերելու, եղածը փրկելու և երկրի համար առավելագույն խելամիտ շահեր պահանջելու համար:

Ի՞նչ կընտրի Զելենսկին՝ Ուկրաինա՞ն, որն ակնհայտորեն այլևս չունի նախկին ռեսուրսներն ու աջակցությունը՝ դիմակայելու այս պատերազմին, թե՞ իր աթոռը, որն, ինչպես սկսում է պարզվել, բացի սեփական անձի անվտանգությունից, նաև մեծ գումարային հնաավորություններ է տալիս Վոլոդիմիրին:

Երկրների համար կործանարար են խամաճիկները, ովքեր պարզապես կատարում են մեծ տերերի կամքը՝ ավերելով սեփական ազգի դարավոր ժառանգությունը, հեղինակությունն ու համբավը»