«Հիշողությունը կրկին հաղթանակի հասնելու մեր ուժն է․ Մենք հիշում ենք»․ Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ

Մանրամասներ
սերժ սարգսյան

Հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը։ Այս մասին ասված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ ուղերձում։

«Հիշողությունը մեր ուժն է

▪️դիմակայելու վերահաս վտանգներին,

▪️վերանորոգվելու կորուստների ցավից,

▪️խուսափելու անցյալի սխալներից,

▪️վերարժևորելու ներկան,

▪️հիշելու և փառաբանելու անցյալի հաղթանակները և հերոսներին,

▪️պայքարելու սեփական Հայրենիքում արժանապատիվ՝ ազատ և անկախ ապրելու հիմնարար իրավունքի համար:

Հիշողությունը առաջ գնալու մեր ուղենիշն է.

▪️Մենք հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը:

▪️Մենք հիշում ենք այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին:

Հիշողությունը գործելու մեր կամքն է՝

▪️հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը,

▪️չընդունելու պետության և հայրենիքի մասին շինծու և վտանգավոր թեզերը,

▪️թոթափելու անտարբերությունը,

▪️հաղթահարելու վախերը,

▪️չկորցնելու զգոնությունը,

▪️անվրեպ հաշվարկելու վտանգները,

▪️կրկին հասնելու հաղթանակի:

Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան։

Մենք հիշում ենք»: