Շատերն են նկատել, որ Ալիեւի պահվածքը ամենեւին նման չէ «հաղթողի», նկատի առնելով առիթ-անառիթ հիստերիաները։ Մյուս կողմից՝ նա վստահ խոսում է Հայաստանը վերաձեւելու նպատակների մասին, թեեւ այդ վստահությունը խամրում է հիստերիայի պոռթկումներից։
Ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանը եւ հատկապես Թուրքիան պարբերաբար Ալիեւին հիշեցնում ու երեսով են տալիս, որ առանց իրենց այդ «հաղթանակը» չէր լինի․ Ալիեւն իհարկե գիտե, որ ՌԴ-ն հայերին թիկունքից է հարվածել, թուրքերը՝ առջեւից, Բաքվի բանակը թնդանոթի միսն էր ու 20 հազար կորուստ տվեց։
Որն է Ալիեւի եւ հակահայ ծրագրերի մյուս շահառուների այս պահվածքի պատճառը։ Հայերը չեն հավատա, բայց՝ Հայաստանը եւ հայկական իրավունքների խնդիրը։ Վախը՝ հայկական խորքային պետության գոյությունից ու հայկական իրավունքների հաստ փաթեթից, որը ոչ մի տեղ չի կորել։ Վստահությունը՝ հայկական ակտուալ քաղաքական-տեղեկատվական դաշտը զավթած, ռուս-թուրքական ագենտուրային առաջադրանքի ծիրում գործող քպ-ական իշխող եւ նրա հենակ խորհրդարանական «ընդդիմադիր» խմբերից, նրանց սպասարկող ագենտուրայից, զլմ-ներից ու փորձագետ-քաղաքագետներից։
Այս խմբերի առաջադրանքը հայկական իրավունքների ու միջազգային հարթակներում դրանց քննարկման հնարավորությունների ու մեխանիզմների չեզոքացումն է, հայ հանրության շրջանում հուսալքություն տարածելն ու ռուս-թուրքական ծրագրերին համակերպելը՝ «հակադրամիասնության» սկզբունքով, աշխատանքի համապատասխան բաժանմամբ։ Արժե նշել վերջին, ամենաթարմ օրինակը՝ ՀԱՊԿ երեւանյան հավաքին երեք նախկին նախագահների ներկայացուցիչների արձագանքները՝ պատկերացնելու համար այս իրողության բնույթն ու ընդգրկումը։
Ալիեւը 30 տարի փողով, խավիարով, համոզելով, սպառնալով չեղած տեղից ստեղծում է «Ադրբեջանի» իրավունքների փաթեթը, ամեն ծակուծուկից մի թուղթ պոկելով, հայկական կողմի՝ «դե թուղթ է էլի, ոչ մի արժեք չունի» մոտեցումների ֆոնին։ ՀՀ խորհրդարանը կազմող խմբերը խնամքով խուսափում են խորհրդարանում հիմնարար խնդիրների քննարկումից ու որոշումների կայացումից՝ Արցախի անկախության ճանաչման, 1989 թ․ դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշման, Նախիջեւանի խնդիրները, 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի թեման, որը Հայաստանի դեմ ներկայում իրագործվող ծրագրերի պատճառն ու հիմքն է։
Դա արվում է գիտակցաբար, ագենտուրային առաջադրանքի շրջանակում, փորձելով դա քողարկել նողկալի բանավեճերով ու բալագանով։ Գրեթե ամեն օր Երեւանում ինչ որ ֆորումներ են անցկացվում, ռեզերվներից հանվում են նոր դեմքեր, այդ թվում արտերկրից, այդ թվում գիտական կոչումներով, որտեղ խոսում են ինչից ասես, բացի հիմնարար խնդիրներից ու անելիքներից, օտարածին ու հանրությանը վաղուց ձանձրացրած թեզերով ու կենցաղային մոտեցումներով։ Ավելորդ է խոսել 1921-ի թեմայի, Նախիջեւանի խնդրի տաբուի մասին։ Այնուամենայնիվ, այդ լուրջ ու մտահոգ դեմքերով մասնակիցներին արժե քննարկման թեմա առաջարկել՝ ինչո՞ւ է Թուրքիան անընդհատ հիշեցնում Բաքվին, որ հաղթանակը ձեռք է բերվել իր շնորհիվ։
Ինչից են Բաքվի, Մոսկվայի ու Անկարայի վախերը՝ հայկական իրավունքների հաստ փաթեթը ոչ մի տեղ չի կորել ու չի կորի, չնայած այս ագենտուրային խմբերի ջանքերին, նույնիսկ եթե իշխանությունը ստորագրի «խաղաղության պայմանագիրը»՝ հարակից փաթեթով։ Երեւանի մեն մի ստորագրությունը, խորհրդարանի մեն մի որոշումն ավելին են, քան հայերի դեմ ռուս-թուրքական հարյուրամյա ոճրագործության «փաթեթը»։ Այս հանգամանքի գիտակցումն է, որ վախեցնում է Մոսկվային ու թուրքերին, դրա համար էլ Մոսկվան խնամքով, տասնամյակներով կերտել է իր ագենտուրային էշելոնները Հայաստանում՝ ակադեմիական բթամտության եւ քաղաքական-քաղաքագիտական պրիմիտիվիզմի փակ շրջանով։ Հանկարծ հայերը չգիտակցեն, որ իրենցից ինչ որ բան է կախված, որ իրենք իրավունքներ ունեն, որ այդ գիտակցումից ու ինքնիշխան որոշումների կայացումից է սկսելու հակահայ ծրագրերի ու դրանց շահառուների հետհաշվարկը։ Մեկինն արդեն սկսել է, հերթը մյուսինն է։
0Comments