Շրջանառության հարկի բարձրացումը ձեռնտու չէ և կարող է հանգեցնել փոքր բիզնեսի փակման։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնած քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեցին փոքր բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։
2025 թվականից փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը կրկնակի աճել է` առևտրի ոլորտում 5%–ից հասնելով 10%-ի, արտադրության ոլորտում՝ 3,5%-ից հասնելով 7%-ի, հանրային սննդի ոլորտում՝ 6%-ից հասնելով 12%-ի: Սակայն բիզնեսը կարող է կրճատել այս հարկը, եթե մաքուր հաշվապահություն վարի: Այս դեպքում առևտրի սուբյեկտները կկարողանան հարկը նվազեցնել մինչև 1%, արտադրության ոլորտի սուբյեկտները՝ մինչև 3%, հանրային սննդի ոլորտի սուբյեկտները՝ մինչև 6%: Տնտեսվարողները պնդում են, որ իրենց համար դժվար է վարել իրենց հումքի և այլ ծախսերի հաշվառում, քանի որ հաճախ այդ ապրանքները գնել են կա՛մ «ձեռքից», կա՛մ էլ տարիներ առաջ (ոչ պարենային ապրանքների դեպքում), երբեմն էլ` առանց ապրանքագրի։ Նրանց խոսքով` այս ամենն իրենց թույլ չի տալիս ամբողջական հաշվառում վարել:
«Ապրանք կա՝ հիմա եմ գնել, ապրանք կա՝ մի տարի առաջ, ապրանք կա՝ երեք տարի առաջ։ Ո՞նց պիտի այդ հաշվառումը պահեմ: Ուրեմն պետք է օգնական պահեմ, նրան աշխատավարձ տամ, հաշվապահին էլ պիտի ավելի շատ վճարեմ. հաշվապահությունը բարդանում է։ Ենթադրենք` 10%-ի փոխարեն 1% կվճարեմ, բայց ես ոչինչ չեմ շահի, այսքան ծախսերի հետ մի բան էլ կկորցնեմ»,– ասաց հագուստի փոքր խանութներից մեկի սեփականատերը, որը չցանկացավ նշել իր անունը։
Մեկ այլ գործարար՝ «Ոսկու աշխարհ» ոսկերչական իրերի շուկայի տաղավարներից մեկի սեփականատեր Կարեն Մարտիրոսյանն էլ հայտարարեց, որ իր ոլորտում ևս դժվար է հաշվառում վարել, քանի որ հումքի զգալի մասը գնում են մասնավոր անձանցից (հին զարդերը, որոնք հետո գնում են վերաձուլման)։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ի պատասխան ասաց, որ որքան էլ փոքր բիզնեսի համար դժվար լինի հաշվառում վարելը, դա նրա պարտականությունն է, և բիզնեսը պետք է սովորի կիրառել գոյություն ունեցող գործիքակազմը:
«Չիմանալով բիզնեսի փաստաթղթաշրջանառությունը՝ մենք չենք կարող հասկանալ, թե ով ինչքան է վաստակել և որքան հարկ պետք է վճարի․․․ Եթե ձեր զարդերի մի մասը զբոսաշրջիկներն են գնում, ապա կարող եք ձեր ՀԴՄ սարքում միացնել tax free գործառույթը: Այդ դեպքում օտարերկրյա քաղաքացիները Հայաստանից դուրս գալուց կկարողանան սահմանին հետ ստանալ ԱԱՀ-ն, որը նրանք վճարել են ձեզանից գնելիս»,- հավելեց Պողոսյանը։
Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանն իր հերթին նշեց, որ փոքր բիզնեսի համար հաշվետվությունը հասցրել են հնարավոր ամենապարզ աստիճանի՝ պայմանով, որ փաստաթղթավորվեն բոլոր եկամուտներն ու ծախսերը: Այդ դեպքում կոմիտեի էլեկտրոնային համակարգը փոքր ձեռնարկատիրոջ համար ինքնուրույն է ձևավորում հաշվետվությունների մեծ մասը:
Այս փաստարկները փոքր բիզնեսի ներկայացուցիչներին չգոհացրին, նրանք շարունակեցին պահանջել, որ հարկը նվազեցվի կամ էլ օրենքը կասեցվի։ Խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչները մերժեցին այս պահանջը։ Խոստացան մյուս առաջարկներն ու դիտողությունները ավելի մանրամասն քննարկել (այդ թվում՝ փոքր բիզնեսի ոլորտային ասոցիացիաների հետ, որոնք ներկա էին նիստին):
0Comments