Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են հոկտեմբերի 27-ին ՀՀ-ն գլխատելու համար, դատվելու են: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
Նա նաեւ հավելեց. «Բոլոր նրանք, որոնք հրամայեցին կազմակերպել մարտի 1-ին Երևանի փողոցներում ՀՀ քաղաքացիների գնդակահարումը, դատվելու են։
Բոլոր նրանք, ովքեր թուլացրել են հայկական բանակը՝ ուտելով զինվորի հացը, գնել են ժամկետանց հրթիռներ, քրեական բարքեր են ներմուծել հայկական բանակ, պետական մրցույթներում իրենց խնամի-բարեկամների միջոցով թալանել են, ունեզրկել են, տիրացել են ՀՀ քաղաքացու ունեցվածքին, դատվելու են և դատվում են։ Եվ չեն մարսելու գողացվածը։
Ինձնից աջ նստած ընդդիմադիր խմբակցության, թե որ անդամներն են թաթախված այս ամենի մեջ, կորոշեն իրավապահ մարմինները, այդ թվում նրանք, ում անունը այստեղից ձեր գործընկերը հնչեցրեց: Այո, հատիկ-հատիկ բոլորի հետեւից կգնան եւ նրանցից արդեն գործող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման եւ մի շարք այլ օրենքների շրջանակներում, այդ թվում քրեական, նրանք պատասխանատվություն կկրեն:
Իսկ եթե ձեր գործընկեր Աղվան Վարդանյանը կցանկանա համագործակցել իրավապահների հետ եւ իր ունեցած տեղեկությունների շրջանակներում մատնացույց անել ձեր խմբակցության այդ անդամներին, ում դեռ չեն հասցրել իրավապահները մոտենալ, շատ մեծ ուրախությամբ, կարծում եմ, իրավապահները դա կընդունեն որպես օգնություն»,-ասաց Արշակյանը։
0Comments