«Եթե ինձ բանտարկեն, ամբողջ աշխարհի առաջ կխայտառակվեն։ Ամբողջ աշխարհում մարդիկ սպասում են, եթե սրանք իմ դեմ ինչ–որ բան անեն, դու տե՛ս, ես սրանց գլխին ինչ եմ բերելու։ Ես բանտում էլ լինեմ, էնքան ինձ հարգող մարդիկ կան, որ տես՝ ինչ կլինի սրանց գլխին»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք քրեական գործի առկայությունը չի՞ խանգարի ընտրական գործընթացներին մասնակցելուն։
«Էդ նավթալինի հոտը, որ մեզ ուզում են կպցնել 2007 թվականից, արդեն ժողովուրդը հոգնել է և ծիծաղում է։ Այն մարդիկ, ովքեր տարածում են այդ խոսակցությունները, իրենք են կապված քրեական աշխարհի հետ, ավելի ուժեղ քրեական են, քան մենք։ Ես ոչ մեկի ունեցվածքը չեմ խլել, ոչ մեկի հետ 50/50 չեմ եղել, ոչ մեկն իմ ձեռքով քնած չէ, բայց որ խորանանք, կտեսնենք այս ամենն ում տակ է»։
Վարդան Ղուկասյանը խորհուրդ տվեց շրջել քաղաքով և հարցնել, թե ովքեր են նման կերպ ապրել, և վստահեցրեց, որ բոլորն էլ գիտեն այդ հարցի պատասխանը։
«Հիմա որ գնաք հավաքարարին ու հովիվին էլ հարցնեք, թե էս երկրում ով է նման ձևով ապրել, գիտեն։ Նրանք գիտեն, թե ոչ մեկ իրենց չի ճանաչում։ Բոլորի շապիկները պատռվել են, էլ ժողովուրդը կուտ չի ուտում։ Էլ կուտ չենք ուտելու, պարո՛ն թաքնվածներ։ Հանկարծ ինձ վրա մի հատ էլ «պակուշեննի» սարքեք, ամբողջ աշխարհի դեսպանատներին ուղղարկվելու է, թե սրա հետևը ով է կանգնած։ Մենք մեզ համար խելոք նստած էինք, դուք ստիպեցիք, որ ես առաջադրեմ իմ թեկնածությունը։ Հիմա էլ քաղաքում խոսակցություններ են պտտվում, որ թեկնածուներից մեկին պետք է խփեն ու գցեն մեզ վրա»,–ասաց նա՝ նշելով, որ դեռևս չի ցանկանում աննուներ հրապարակել, բայց ըստ անհրաժեշտության պատրաստ է հանրայնացնել դրանք։
Վարդան Ղուկասյանը նշեց, որ չի պատրաստվում նույն կերպ պատասխանել իրեն վատաբանողներին։
«Ես վտանգ եմ ներկայացնում նրանց համար, որովհետև իմ հետևից ժողովուրդ է գնում, մենք իրենց ազգադավ հրամանները չենք կատարում։ Ուզում են միայն ստրուկներին թողնել, որ իրենց ասածները կատարեն»,–ասաց նա։
Նշենք, որ այս հարցազրույցը տեղի է ունեցել նախքան Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելը:
0Comments