Ամերիկյան պետական ծառայողները էլեկտրոնային նամակներ կստանան՝ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքի մասին հաշվետվություն ներկայացնելու պահանջելով, իսկ ովքեր դա չանեն, կազատվեն աշխատանքից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման վարչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը։
Reuters-ի տվյալներով, ԱՄՆ մի շարք գերատեսչությունների պետծառայողներ շաբաթ երեկոյան արդեն ստացել են համապատասխան էլեկտրոնային նամակները: Նամակի վերնագրում նշված է. «Ի՞նչ եք արել անցյալ շաբաթ»։ Ի պատասխան պետական ծառայողները մինչև երկուշաբթի պետք է հինգ կետից բաղկացած հաշվետվություն ներկայացնեն իրենց կատարած աշխատանքի մասին։
Հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո Թրամփը Մասկին նշանակեց DOGE-ի ղեկավար: Այս կառույցը ԱՄՆ բյուջեի ծախսերի զանգվածային ստուգում է սկսել։ Ընդհանուր առմամբ, Մասկը ակնկալում է պետական ծախսերը կրճատել 2 տրիլիոն դոլարով։
0Comments