Էկվադորի Մանաբի նահանգում ոչ մեծ ինքնաթիռ է ընկել ու այրվել. ըստ որոշ աղբյուրների` այն թմրանյութ էր տեղափոխում: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 10-ի երեկոյան՝ Ռիո Բրավո համայնքից ոչ հեռու, հայտնում է lenta.ru-ն:
Դեպքի վայր են ժամանել ինչպես ոստիկանության, այնպես էլ հակաթմրանյութային ստորաբաժանման ներկայացուցիչները:
Ոստիկանության փոխանցմամբ՝ թռիչքն անօրինական էր. օդաչուն թռիչքի վերաբերյալ նախապես տեղեկություն չի տրամադրել նահանգային իշխանություններին: Միևնույն ժամանակ ոստիկանությունը չի հստակեցրել՝ արդյոք ինքնաթիռում եղել են թմրանյութեր:
Սակայն տեղի լրատվամիջոցներից El Comercio-ն գրում է, որ ապօրինի բեռն այնուամենայնիվ եղել է օդանավում: Նշվում է նաև, որ հրդեհի հետևանքով տեղափոխվող նյութը մասամբ այրվել է: Դրա ծավալի մասին տեղեկություն չկա:
Բացի այդ, ինքնաթիռի կործանման վայրից մոտ 800 մ հեռավորության վրա հայտնաբերվել է գաղտնի, ոչ մեծ թռիչքուղի:
Ինչ վերաբերում է ինքնաթիռում եղած երկու հոգուն, ապա նրանք թեթև վնասվածքներով հոսպիտալացվել են: Տուժածներն օտարերկրացիներ են, որոնք հրաժարվել են համագործակցել ոստիկանության հետ: Այժմ նրանց ինքնությունը փորձում են պարզել «Ինտերպոլ»-ի միջոցով:
Էկվադորում թմրանյութ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել
Օդաչուն թռիչքի վերաբերյալ նախապես տեղեկություն չի տրամադրել նահանգային իշխանություններին
0Comments