Facebook-ի սեփականատեր Meta ընկերությունը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ արգելափակում էլ է RT-ի, «Ռոսիյա սեգոդնյա»-ի և այլ ռուսական պետական լրատվամիջոցների օգտահաշիվներն իր հարթակներում՝ նշելով, որ այդ լրատվամիջոցները խաբուսիկ մարտավարություն են կիրառել՝ համացանցում ազդեցության գաղտնի գործողություններ իրականացնելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Գործակալությունը հիշեցնում է, որ նախորդ տարիներին Meta-ն ավելի սահմանափակ միջոցներ է ձեռնարկել, ինչպիսիք են գովազդների արգելափակումը և այս լրատվամիջոցների հրապարակումների հասանելիությունը նվազեցնելը:
«Հանգամանալից կշռադատությունից հետո մենք ընդլայնել ենք մեր առկա միջոցները ռուսական պետական լրատվամիջոցների դեմ։ «Ռոսիյա սեգոդնյա»-ն, RT-ն և նրանց հետ կապված այլ կազմակերպություններն այժմ արգելափակված են մեր հավելվածներում ամբողջ աշխարհում՝ օտարերկրյա միջամտության հետ կապված գործունեության համար», – ասվում է Meta-ի գրավոր հայտարարության մեջ:
Ընկերությունը նշել է, որ արգելքի կիրարկումը կսկսվի առաջիկա օրերին։ Բացի Facebook-ից, Meta հավելվածները ներառում են Instagram-ը, WhatsApp-ը և Threads-ը:
Ռուսաստանի դեսպանատունը չի պատասխանել թեման մեկնաբանելու՝ Reuters-ի հարցումներին, Սպիտակ տունը՝ նույնպես։Սեպտեմբերի սկզբին Միացյալ Նահանգները մեղադրանք է առաջադրել RT-ի երկու աշխատակցի՝ փողերի լվացման մեղադրանքով:
Ըստ պաշտոնյաների՝ նրանք ծրագրում էին վարձել ամերիկյան ընկերություն՝ 2024 թվականի ընտրությունների վրա ազդելու նպատակով առցանց բովանդակություն արտադրելու համար:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 13-ին հայտարարել էր, որ երկրները պետք է վերաբերվեն ռուսական պետական RT հեռուստաընկերության գործունեությանն այնպես, ինչպես գաղտնի հետախուզական գործողություններին։
RT-ն դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները՝ ասելով, որ Վաշինգտոնը փորձում է կանխել հեռարձակողի գործունեությունը՝ որպես լրագրողական կազմակերպություն։
Reuters-ին տրամադրված նյութերում Meta-ն ասել է, որ նկատել է, որ ռուսական պետական լրատվամիջոցներն անցյալում փորձել են խուսափել իրենց առցանց գործունեության բացահայտումից. ընկերությունն ակնկալում է, որ նրանք հետագայում էլ կշարունակեն խաբուսիկ մեթոդներ կիրառել:
0Comments