Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը

Մանրամասներ
ֆեյսբուք

Թուրքիայում Threads սոցիալական ցանցը երկուշաբթիից անհասանելի է։ Սոցիալական ցանցն ապրիլի 15-ին օգտատերերին ծանուցել էր ապրիլի 29-ից Թուրքիայում իր աշխատանքի դադարեցման մասին՝ Թուրքիայի հակամենաշնորհային կարգավորող մարմնի որոշմամբ։ Meta-ի ղեկավարությունը նշել է, որ օգտատերերի օգտահաշիվները կապաակտիվացվեն, սակայն օգտատերերը ցանկացած պահի կարող են տվյալները ներբեռնել և հեռացնել օգտահաշիվը։

Threads-ը բացելու փորձերը երկուշաբթի ապարդյուն են եղել թե՛ բջջային ցանցից, թե՛ Wi-Fi-ից օգտվելիս, գրառումների փոխարեն հայտնվել է դատարկ էկրան, ոչ մի գործողություն հնարավոր չի անել։ Սոցցանցը չի բացվում նաև VPN ծառայություններով։

Meta-ի ղեկավարությունը պարզաբանել է, որ օգտատերերի հաղորդագրությունները վերստին հասանելի կլինեն Threads-ի աշխատանքի վերականգնման դեպքում, եթե նրանք ընտրեն օգտահաշիվը «ապաակտիվացնելու» տարբերակը:

Թուրքիայի մրցակցության խորհուրդը մարտի 18-ին որոշել է Meta-ի դեմ ժամանակավոր սահմանափակող միջոցներ և տուգանք կիրառել, երբ հակամենաշնորհային կարգավորող մարմինը որոշել է, որ Instagram-ի և Threads-ի օգտահաշիվների միավորումը գովազդային շուկայում ընկերության գերիշխող դիրքի չարաշահման է հանգեցնում։