Իսլամական հեղափոխության պահապանների կորպոսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերը սկսել են խոշոր հակաահաբեկչական զորավարժություններ Սիստան եւ Բելուջիստան հարավարեւելյան նահանգում, տեղեկացրել է Mehr-ը։
Ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամադ Փակպուրը ուրբաթ տեղեկացրել է, որ զորավարժություններին մասնակցում են ԻՀՊԿ «Քիդս» շտաբի զինծառայողները։
Նրա խոսքով՝ զորավարժությունները նախատեսված էին այս ամսվա վերջին, բայց սկսվել են հոկտեմբերի 26-ին ոստիկանների վրա օտարերկրացի ահաբեկիչների հարձակումից հետո, որի հետեւանքով զոհվել է 10 ոստիկան։
Զորավարժությունները նախատեսում են օտարերկրացիների կողմից աջակցվող ահաբեկիչների որոշ խմբերի հայտնաբերում եւ ոչնչացում, տեղեկացրել է PressTV-ն։
«Դրանք կատարվում են իրական օպերատիվ իրավիճակում եւ կշարունակվեն մի քանի փուլերով»,- ասել է նա։
Հրամանատարը տեղեկացրել է, որ ներկայում զորավարժությունների ավարտի ժամկետը որոշված չէ։
Շտաբի պետ, բրիգադի գեներալ Ահմադ Շաֆաեիի խոսքով՝ զորավարժությունների արդյունքում ձերբակալվել են չորս ահաբեկչական խմբերի ութ անդամներ, ոչնչացվել է չորս ահաբեկիչ։ Նրանցից մեկը հոկտեմբերի 26-ին Թաֆտան քաղաքում իրանական անվտանգության ուժերի դեմ հարձակում գործած ահաբեկչական խմբավորման հիմնական անդամներից մեկն էր, ասել է շտաբի պաշտոնական ներկայացուցիչը։
Մահացու պաշարման պատասխանատվությունն ստանձնել է այսպես կոչված «Ջաիշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը, որը տեղակայվում է Պակիստանում։
Շաֆաեիի խոսքով՝ ԻՀՊԿ գործողությունները «լուրջ հարված են հասցրել հակառակորդի նահանգում ահաբեկչական պրոքսի-խմբերին»։
Հայտնաբերվել եւ առգրավվել է նաեւ զենքի եւ զինամթերքի մեծ քանակություն, ավելացրել է նա։
Հաջող գործողություններն իրականացվել են նահանգի հետախուզական գլխավոր վարչության եւ իրավապահ մարմինների հետ համատեղ, տեղեկացրել է Շաֆաեին։
0Comments