Միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին միատեսակ են մտածում: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
«Միայն Իրանն է, որ աջակցում է Հայաստանին՝ դեմ հանդես գալու, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցում: Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին: Մենք Հայաստանի հետ այս հարցում տարաձայնություն չունենք: Զանգեզուրի միջանցքը վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին»,- ասաց Սոբհանին:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման ու սահմանագծման պրոցեսին, Սոբհանին ասաց, որ այդ պրոցեսը նոր քայլ է՝ խաղաղության հասնելու:
«Այն ինչ որդեգրվել է հիմքում, Ալմաթիի հռչակագիրն է և միջազգային կանոնակարգերը: Ինչ վերաբերում է սահամազատման գործընթացին, եթե այն իրականացվում է Ալմաթիի հռչակագրի և միջազգային կանոնների համաձայն, դա կնպաստի անվտանգության և խաղաղության ապահովմանը: Մեր և Հայաստանի միջև սահմանը շատ հստակ է, և այն, ինչ իրականացվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, սահմանների հստակեցման հարցում, որևէ ազդեցություն չի կարող ունենալ մեր և Հայաստանի միջև սահմանի վրա»,- շեշտեց դեսպանը։
0Comments