Հայկական ֆուտբոլում սպասվում են սկանդալային բացահայտումներ, ուժային կառույցները վերջապես սկսել են հետաքրքրվել ՀՖՖ-ի ֆինանսական գործունեությամբ: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Սկանդալային բացահայտումները կապված են խաղադրույքների, ինչպես նաև խաղադրույքների բիզնեսով զբաղվող ակումբներից մեկի հետ: Խոսքը կարող է լինել «ՆՈԱ» ակումբի մասին, ում սեփականատերերն ուղղակիորեն ներգրավված են բուքմեյքերական բիզնեսի մեջ, ինչը, մեղմ ասած, չի խրախուսվում թե՛ ՖԻՖԱ-ի, թե՛ ՈւԵՖԱ-ի կանոնադրություններով»,– գրում է թերթը։
Ըստ պարբերականի տեղեկությունների` իրավապահները կարող են հետաքրքրվել նաև ԲԿՄԱ ակումբի գործունեությամբ, մասնավորապես՝ այդ թիմ հրավիրված ու ըստ էության բանակից ազատված երիտասարդների ընտրության հարցով:
«Տեղեկություններ կան, որ ՀՖՖ-ում հնարավոր են նաև ձերբակալություններ: Ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը սկսել է հասկանալ, որ իրենց, մեղմ ասած, խաբում էին, ու որ մամուլի բազմաթիվ հրապարակումներ շատ մոտ, երբեմն նույնիսկ շատ մեղմ են եղել»,– գրում է թերթը:
Նշվում է նաև, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի ձախողումները շատ են և դրանցից մեկը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու խոստումը չկատարելն է։ Այդ նշանակումը պետք է լիներ հունվարին, իսկ մարտի 20-ին նախատեսված է Ազգերի լիգայի անցումային հանդիպումներ Վրաստանի հավաքականի հետ։
Հիշեցնենք` 2024–ի հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և գործնականում զրկվեց լիգայի C խմբում առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից։ Խաղից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պաշտոնանկ է արվել, իսկ երկրպագուները հավաքվեցին ՀՖՖ շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Ավելի ուշ երկրպագուները սկսեցին պահանջել Մելիքբեկյանի հրաժարականը։
Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջի հայտարարության տակ ստորագրել են նաև «Արարատ-Արմենիայի», «Փյունիկի», «Ուրարտուի» և «Շիրակի» ֆան-ակումբները:
ՀՖՖ նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
0Comments