Ինչքա՞ն վնաս են պատճառել գողերը վարչապետի խոսնակին. «Ժողովուրդը» մանրամասներ է հայտնում

Մանրամասներ
նիկոլ նազելի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տունը թալանողները նրան մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս են պատճառել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Նշենք` փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տունը թալանել են: Ըստ տեղեկությունների` փետրվարի 25-ի գիշերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը և Երևանի քրեական վարչությունը մի խումբ անձանց է վնասազերծել, որոնք կասկածվում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում պաշտոնատար անձանց տները թալանելու մեջ: Նշվում էր նաև, որ Բաղդասարյանի տան գողությունից անմիջապես հետո Փաշինյանն անձամբ է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին հրահանգ տվել գործուն քայլեր անել բնակարանային գողությունները բացահայտելու համար։

«Գողերը նրա տուն են մտել անխոչընդոտ` հարմարեցված բանալիով տան դուռը բացելով: Ինքը` Նազելի Բաղդասարյանը, հրաժարվում է «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածի մասին որևէ տեղեկություն կամ մեկնաբանություն տալ։ Բաղդասարյանի շրջապատի տեղեկություններով` նրա տնից գողացել են ոսկյա թանկարժեք զարդեր, ոսկեգույն մետաղյա զարդեր (կարծելով, թե ոսկի է), մեկ ժամացույց, թևնոց և այլ իրեր: Ընդհանուր նախնական հաշվարկով` գողերը պատճառել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Բայց այս հաշվարկը խիստ նախնական է, այն կարող է ավելանալ կամ պակասել»,– գրում է թերթը:

Հիշեցնենք` դեկտեմբերին էլ թալանել էին Նիկոլ Փաշինյանի աներորդու` Հրաչյա Հակոբյանի առանձնատունը։