ԱՄՆ-ն գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ Կարմիր ծովում հութիների հարձակումների շուրջ. Financial Times

Մանրամասներ
եմեն

ԱՄՆ-ն հունվարին գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ՝ փորձելով համոզել Թեհրանին՝ օգտագործել իր ազդեցությունը Եմենում հութիների շարժման վրա, որպեսզի նրանք դադարեցնեն հարձակումները Կարմիր ծովով անցնող նավերի վրա: Այս մասին, ըստ Առաջին լրատվականի, հաղորդում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների, որոնց անունը չի նշվում:

Աղբյուրները հայտնել են, որ բանակցությունները տեղի են ունեցել հունվարին Օմանում՝ Սպիտակ տան Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական Բրեթ ՄաքԳըրքի, Իրանի հարցով պատվիրակ Աբրամ Փեյլիի և Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանիի միջև։ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչներն ուղղակիորեն չեն շփվել. միջնորդների դերը կատարել են Օմանի պաշտոնատար անձինք: Այս բանակցությունների արդյունքները չեն հստակեցվում։

Ըստ հրապարակման՝ բանակցությունների երկրորդ փուլը պետք է կայանար փետրվարին, բայց այն հետաձգվել է, քանի որ ՄաքԳըրքը զբաղված է եղել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարի շուրջ բանակցություններով։

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, հարձակվել է տասնյակ նավերի վրա՝ ինչպես առևտրային, այնպես էլ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող։ Հութիները հայտարարել են, որ հարձակումներին վերջ կտան, երբ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։

Մի շարք նավագնացային ընկերություններ դադարեցրել են փոխադրումները Կարմիր ծովով։