Շուշիի հետ կապված Միքայել Արզումանյանը պետք է խոսի․ Դավիթ Տոնոյան

Մանրամասներ

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկեց, որ հանձնաժողով հրավիրեն նաև պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին։

«Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա նրան լսելու։ Կարելի է միջնորդել դատարանին։ Այն շահարկումները, որ հիմա կան Շուշիի հետ կապված, անընդունելի են։ Եվ ես կարծում եմ, որ ինքը պետք է խոսի»,- կարևորեց Տոնոյանը։

ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ի պատասխան նշեց, եթե իրավական խոչընդոտներ չլինեն, նրան անպայման կհրավիրեն։

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատարին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնական անփութության համար, նա կալանավորվել է։

Հավելենք, որ Միքայել Արզումանյանի մեղադրանքը լրացվել է։ Գեներալ-մայորը մեղադրվում է նաև պատերազմի առաջին օրերին «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար, ինչի հետևանքով, ըստ ՔԿ-ի, «հակառակորդն առանց դիմադրության առաջացել և վերահսկողության տակ է վերցրել» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, ամրապնդել է իր ուժերն ու միջոցները, որտեղից դիտարկել է տվյալ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու զարգացնելով հաջողությունները և ունենալով գերիշխող դիրք՝ գրոհներ է իրականացրել պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ, կրակի տակ է պահել հարակից մարտական դիրքերը:

Հիշեցնենք նաև, որ նախկին բարձրաստիճան զինվորականը, Պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ պատերազմում ծանր վիրավորվեց Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։