ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ ժամանել է Իսրայել՝ Գազայի հատվածում հրադադարի առաջխաղացման և ամրապնդման ջանքերի շրջանակներում։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Վենսն աշխատանքային ճաշ է ունեցել Սպիտակ տան ներկայացուցիչների՝ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշների հետ։
Ըստ աղբյուրների՝ նա պետք է մեկնի Իսրայելի հարավ՝ ամերիկյան և միջազգային աշխատանքային խմբի շտաբ, որը դեռ նոր է հիմնադրվում և հետագայում պետք է վերահսկի Գազայում հրադադարի իրականացումը։
Սպիտակ տան հաղորդմամբ՝ Վենսը մամուլի ասուլիս կանցկացնի տեղական ժամանակով 18:00-ին Երուսաղեմի «Քինգ Դեյվիդ» հյուրանոցում։
Հոկտեմբերի 22-ին նա Երուսաղեմում կհանդիպի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախագահ Իցհակ Հերցոգի հետ։
Վենսի ժամանմանը նախորդել էր Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ժամանումն Իսրայել՝ հրադադարի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով։
The New York Times-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Վաշինգտոնի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Նեթանյահուն կարող է դադարեցնել Գազայում հրադադարը և վերադառնալ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմին։ Հաղորդագրության մեջ նշվել է, որ Վենսը, Ուիթքոֆը և Քուշները պլանավորում են ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ չխաթարել համաձայնագիրը։