Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մտադիր է տապալել Գազայի խաղաղության ծրագիրը, որպեսզի կրկին վերադառնա հրադադարի շուրջ բանակցությունների սեղանի շուրջ, բայց իրականացնի նոր պայմանավորվածությունները ՝ առանց Թուրքիայի մասնակցության: Նման հայտարարությամբ է հանդես եկել Hürriyet թերթը։
Պարբերականը նշում է, որ Իսրայելը նաև պնդելու է, որ թուրք զինվորականները չընդգրկվեն միջազգային կայունացման ուժերի կազմում։
«Նեթանյահուն դեմ չէ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի մասնակցությամբ կայունացման ուժերի ստեղծմանը։ Նա ցանկանում է, որ նրանց օգնությամբ ապահովվի ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և թունելների ոչնչացումը։ Նեթանյահուի համար միակ խնդիրը Թուրքիան և թուրք զինվորականների [Գազայում] ներկայությունն է»,- գրում է թերթի մեկնաբան Աբդուլքադիր Սելվին։
The New York Times թերթը ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտավախություն ունի, որ Նեթանյահուն կարող է ձախողել ամերիկացի առաջնորդի կողմից առաջարկված Գազայի վերաբերյալ խաղաղության ծրագիրը։ Վաշինգտոնի ռազմավարությունը կայանում է նրանում, որ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ամերիկյան նախագահի փեսա Ջարեդ Քուշների միջնորդությամբ կարողանան զսպել Իսրայելի վարչապետին՝ «ՀԱՄԱՍ-ի վրա լայնամասշտաբ հարձակումը շարունակելուց», - նշում էր NYT-ն։
Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահի «համապարփակ ծրագիրը», որն ուղղված էր Գազայի հակամարտության կարգավորմանը։ Փաստաթուղթը բաղկացած է 20 կետից և նախատեսում է, մասնավորապես, անկլավում ժամանակավոր արտաքին կառավարման ներդրում և այնտեղ միջազգային կայունացման ուժերի տեղակայում։ Հոկտեմբերի 9-ին Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները Եգիպտոսում կայացած խորհրդակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերել խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։
Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ-էլ-Շեյխ քաղաքում տեղի է ունեցել Խաղաղության գագաթնաժողով, որը հրավիրվել էր Գազայում հրադադարի և այնտեղ պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման կապակցությամբ։ Նիստի ընթացքում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են Պաղեստինյան անկլավում հրադադարի մասին ամփոփիչ համաձայնագիրը։ Ինչպես հայտնել է աս-Սիսիի գրասենյակը, գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել իրականացնել Գազայի հատվածում հակամարտության կարգավորման վերաբերյալ Թրամփի ծրագրի հաջորդ փուլերը, որոնք կապված են կառավարման, ենթակառուցվածքների վերականգնման և քաղաքական կարգավորման հարցերի հետ։