Այսօր մեկնարկող Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Դրանով նախատեսվում է, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել ոչ թե երեքից, ինչպես գործող օրենքում է, այլ՝ երկուսից։ Ընդ որում, հանվում է նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր ունենալու պահանջը։
Օրինագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։
Մի շարք լրագրողական կազմակերպություններ (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երևանի մամուլի ակումբ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ, «Հայաստան» հանրային լրագրության ակումբ, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ) դեմ են արտահայտվել նախագծին՝ շեշտելով, որ նախաձեռնության հիմքում ոչ թե ֆինանսական, կառավարչական, որակական կամ գործառնական խնդիրներ են, այլ ակնհայտորեն քաղաքական կոնտեքստն է՝ հետզհետե սրվող առճակատումը իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև, որի հետ էլ, ինչպես հայտնի է, սերտորեն փոխկապակցված է «Շողակաթ» հեռուստաընկերությունը։
Նշենք, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանն առաջարկում են փոփոխություն կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում։ ՔՊ–ական պատգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը՝ 3–ից դարձնելով 2։ Նշենք, որ հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը», որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթը» և «Լուրեր» լրատվական ալիքը։