Հոկտեմբերի 19-ին Պակիստանի ռազմաօդային ուժերի կոնտինգենտը, որը բաղկացած էր նորագույն JF-17 Thunder Block-III կործանիչներից, ինչպես նաև փորձառու թռիչքային և ցամաքային անձնակազմից, ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Indus Shield Alpha երկկողմանի օդային զորավարժություններին:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Պակիստանի ռազմաօդային ուժերին:
Ըստ այդմ, Indus Shield Alpha զորավարժությունների նպատակն է ամրապնդել երկու եղբայրական ռազմաօդային ուժերի միջև փոխըմբռնումը, մարտավարական համակարգումը և փոխգործունակությունը: Զորավարժությունները շեշտը դնում են ժամանակակից օդային մարտական մարտավարության, համատեղ առաքելությունների պլանավորման և կատարման վրա՝ արագ զարգացող տեխնոլոգիաների և օդային ուժերի փոփոխվող դինամիկայի պայմաններում:
Ավելին, զորավարժությունները կդառնան կարևոր հարթակ՝ օպերատիվ փորձի փոխանակման և օդային պաշտպանության ոլորտում նոր մարտահրավերներին դիմակայելու համար համատեղ լուծումներ մշակելու նպատակով, նշում են աղբյուրները:
Ավելի վաղ, ադրբեջանական աղբյուրները հայտնել էին, որ Բաքու է ժամանել Պակիստանից գնված վերոնշյալ կործանիչների առաջին խմբաքանակը: