Նպատակը Ամուլսարի թեմայից շեղելն է. քաղաքագետ

Ամուլսարի թեման լրջագույն ճգնաժամ է առաջացրել իշխանության մեջ, իշխանությունը հայտնվել է փակուղային իրավիճակում

Ես կարծում եմ, որ Գագիկ Խաչատրյանի դեմ մեղադրանք ներկայացնելը հասարակությանը Ամուլսարի հանքի շահագործման թեմայից շեղելն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը`անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, ըստ որի Գագիկ Խաչատրյանին առաջադրվելու է մեղադրանք՝ խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

«Ամուլսարի թեման լրջագույն ճգնաժամ է առաջացրել իշխանության մեջ, իշխանությունը հայտնվել է փակուղային իրավիճակում»,-ասաց նա:

Քաղաքագետը գտնում է, որ իշխանությունը լուրջ մտավախություն ունի, որ Ամուլսարի պատճառով իր վարկանիշը կարող է սրընթաց անկում ապրել: «Այդ իսկ պատճառով իշխանությունը նպատակ է հետապնդում ցանկացած խնդրով շեղել հանրային ուշադրությունը, և կարծում եմ, որ Գագիկ Խաչատրյանի բերման պրոցեսը հենց այդ խնդրին է ծառայելու: Փորձ է արվելու մեծ գումարների աղմուկ հանել, որպեսզի հանրությունը սկսի քննարկել այդ թեման, և Ամուլսարի խնդիրը կամաց-կամաց դառնա երկրորդ պլան»,-ասաց նա:

Ըստ Երվանդ Բոզոյանի` Գագիկ Խաչատրյանի հետ կապված պատմությունը կարելի է և՛ շոու համարել, և՛ նաև գործընթաց: «Ամեն կերպ կարելի է անվանել, սակայն իշխանության գործելաոճը հետևյալն է. ինքը ըստ էության գնում է հանրային կարծիքի ուղղությամբ, եթե հանրային կարծիքը դրական է, ինքը փորձում է մաքսիմալ կապիտալացնել, եթե բացասական է, փորձում է շեղել նման խնդիրներով: Այս պահ դրությամբ Ամուլսարի շուրջ լուրջ բացասական հանրային կարծիք կա իշխանության նկատմամբ, և իշխանությունը փորձում է այդ խնդրից դուրս գալ և գնացել է այս քայլնի: Եթե այս քայլով հնարավոր լինի շեղել հանրային կարծիքը, կհանգստանան, իսկ եթե չշեղվի, փորձելու են ավելի սրել այս խնդիրը: Եթե դա էլ չլուծի, հնարավոր է այլ ձերբակալություններ լինեն»,-ասաց նա և նշեց, որ իշխանության տրամաբանությունը քաղաքական բնույթ ունի և իրենց համար հանրային վարկանիշը առաջնային խնդիր է, քանի որ հասկանում են, որ եթե անկում ապրի այդ վարկանիշը, ապա դրա տրամաբանական արդյունքը կլինի իշխանության կորուստը:

Երվանդ Բոզոյանը գտնում է, որ հասարակությունը հեղափոխությունից սպասում էր մեծ փոփոխությունների, սակայն քանի որ այս մեկ ու կես տարվա ընթացքում դա չեղավ, հասարակությունը հայտնվեց ապատիայի մեջ, այսինքն՝ դարձավ իներտ և անտարբեր: «Սակայն Ամուլսարի խնդիրը սպառնում է, որ հասարակությունն այդ անտարբերության վիճակից դուրս կգա և կդառնա բողոքավոր իշխանության դեմ, սա վտանգավոր է»,-ասաց նա:

Երվանդ Բոզոյանը նշեց, որ արդեն Ամուլսարն էլ է դարձել պատրվակ բողոքավոր հասարակության համար: «Եթե նկատեք, Ամուսլարի թեման սկսել են արծարծել տարբեր քաղաքական շրջանակներ` հաշվի առնելով հանրային կարծիքը, ցանկանում են կապիտալ հավաքել: Սարն արդեն ցույց է տալիս, որ հանրային տրամադրությունները փոխվել են, և Ամուլսարը դարձավ առիթ այդ դժգոհությունները ցույց տալ: Այդ իմաստով նման բարձր հնչեղություն ունեցող ձերբակալությունը կարճաժամկետ էֆեկտ է ունենալու»,-ասաց նա: