«Կուզեի հասկանալ նպատակը. իրենք ի՞նչ են ուզում ասել դրանով. հոգեբան

«Իմ մարմինն անձնական է» գրքի մասին

«Ես՝ որպես հոգեբան, կուզեի հասկանալ նպատակը. իրենք ի՞նչ են ուզում ասել դրանով: Եթե միտումը սեռային դաստիարակությունն է, ապա սա պետք է մասնագետների հետ խորհրդակցված և համատեղ ստեղծված ինչ-որ բան լիներ, որովհետև  պետք է հաշվի առնենք ազգային հոգեբանությունը, անձի անհատականությունը, տարիքային ճգնաժամերը, երեխայի անցումային շրջանները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Իմ մարմինն անձնական է»  գրքի մասին՝ ասաց հոգեբան Աննա Բադալյանը:

«Եվ, վերջապես, հաշվի պետք է առնել անհատին, նրա մատուցման ձևը, ընտանիքի հոգեբանական վիճակը: Սեռային դաստիարակությունը շատ կարևոր է, այստեղ պետք է հաշվի  առնել ծնողների փոխհարաբերությունն ընտանիքում, նրանց հուզահոգեբանական կապը, ընտանեկան մթնոլորտը, ջերմությունը, որոնք ուղղակի և անուղղակի կարող են ազդել երեխայի հոգեբանական զարգացման վրա»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հ/կ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Բուկինիստ» գրախանութում հրավիրված միջոցառման ընթացքում ներխուժել են մոտ 25 անձ և խափանել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչների  պնդմամբ՝ գիրքն իրազեկում է՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ բռնությունը, այդ թվում՝ սեռական: