50 կգ և ավելի քաշով խոզերի ներմուծման համար ՀՀ–ն ժամանակավոր սահմանափակում է կիրառում

Մանրամասներ
խոզ

50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի` ՀՀ ներմուծման վրա ժամանակավոր քանակական սահմանափակում կկիրառվի։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Նշվում է, որ այս կարգը գործում է «ԵԱՏՄ ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» որոշմամբ։

«Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծման և շրջանառության կարգավորում`` նպատակ ունենալով պաշտպանելու խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերը»,– ասված է որոշման մեջ։

Որոշման մեջ նաև նշված է, որ ՀՀ տարածք ապրանքի ներկրման նպատակով դիմումատուն էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում դիմում, որի հիման վրա նախարարությունը բաշխում է դիմումատուների միջև քվոտայով նախատեսված ապրանքի մնացած մասը և պահանջվող տեղեկատվությունը փոխանցում պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաև իրականացնում է ներկայում գործող որոշմամբ սահմանված ժամանակավոր քանակական սահմանափակման մասով հաշվառում։

Հիշեցնենք, որ 2024 թ. դեկտեմբերի 21–ի ՀՀ կառավարությւան նիստի ժամանակ ընդունվեց որոշում, ըստ որի` 6 ամիս ժամկետով ներմուծման սահմանափակում է կիրառվել կենդանի խոզերի քանակի նկատմամբ։ Ըստ այդմ` 2025 թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Հայաստան կարող է ներկրվել ոչ ավելի քան 25 000 հատ կենդանի խոզ։