Թուրքիան հետքայլ է համարում երկուշաբթի 10 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Կանադայի դեսպանների հայտարարությունն առ այն, թե իրենք մտադիր են հարգել Թուրքիայի Հանրապետության օրենքները: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիայում արդարադատությունը չի լսի ոչ մեկի հրամանը։ Դեսպանների խմբի հայտարարություններն ուղղված են ուղղակիորեն մեր երկրի և մեր ինքնիշխանության դեմ։ Ոչ ոք չի կարող մնալ Թուրքիայում, եթե հարգանք չի ցուցաբերում մեր երկրի նկատմամբ։ Նրանց նոր հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք հետքայլ են արել։ Այժմ նրանք ավելի զգույշ կլինեն իրենց հայտարարություններում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան «երբեք առանց պատճառի որևէ գործողություն չի ձեռնարկում»։
«Կամ դուք կընդունեք այս պետության մեծությունը, կամ կշարունակեք պայքարել ամբարտավանության և ատելության փոսում, մինչև չխեղդվեք», - հավելել է նա:
Հոկտեմբերի 21-ին Էրդողանը քննադատել էր ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպաններին՝ ասելով, որ նրանք միջամտում են երկրի դատական հարցերին:Նույն օրը նրանք կանչվել էին Թուրքիայի ԱԳՆ՝ իրավապաշտպան Օսման Քավալայի դատավարության վերաբերյալ համատեղ հայտարարության հրապարակման կապակցությամբ։
ԱՄՆ դեսպանատան Twitter-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ հոկտեմբերի 18-ի հայտարարության հետ կապված մի շարք խնդիրների լուծման նպատակով դիվանագիտական առաքելությունն ընդգծում է հավատարմությունը դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին, գրում է «Անադոլու» գործակալությունը։
Կանադայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանությունները, որոնք աջակցել են Օսման Քավալայի գործով հայտարարությանը, կիսվել են ԱՄՆ դիվանագիտական առաքելության այս հրապարակմամբ: Ավելի ուշ նրանց միացել են Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները։
Շաբաթ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ հանձնարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարությանը «պերսոնա նոն գրատա» հայտարարել 10 երկրների դեսպանների, որոնք հայտարարություն են արել Քավալայի գործով դատավարության վերաբերյալ։
«Նոր հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք հետքայլ են արել. Այժմ ավելի զգույշ կլինեն». Էրդողանը` 10 երկրների դեսպանների մասին
Մանրամասներ
0Comments