Սպանության պատվերը փոխանցվել է հինգ տարբեր մարդասպանների, իսկ «զոհը»՝ կենդանի մնացել

Ոստիկանները սկզբում գործարարին չեն հավատացել, այնուհետև հետաքննություն են սկսել՝ վերջիվերջո ձերբակալելով սպանության շղթայի բոլոր անդամներին
մարդասպան

1

Չինաստանի Նաննին քաղաքի դատարանը տեղացի գործարարի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով 6 անձի առնչությամբ որոշում է կայացրել: Այս պատմությունը, կարծես թե, հավակնում է աշխարհի ամենաանհեթեթ պատվիրված սպանության տիտղոսը ստանալ, գրում է esquire.ru-ն:

Ամեն ինչ սկսվել է 2013 թվականին, երբ անշարժ գույքի գործակալության սեփականատեր Տան Յուհուեյը մարդասպան է վարձել՝ հակառակորդից ազատվելու համար:

Ենթադրվել է, որ մարդասպան Սի Գուանգանն ինքը կսպանի զոհին: Նրա հոնորարի արժեքը 2 միլիոն յուան է կազմել: Մարդասպանը, սակայն, սեփական ձեռքերով չի արել դա․ գումարի կեսը պահելով իրեն՝ մյուս կեսով մեկ այլ մարդասպանի է վարձել՝ Մո Տյանսյանյային:

Ինչ-որ պատճառով երկրորդ մարդասպանը նույնպես չի կատարել սպանությունը և մեկ այլ մարդասպանի է վարձել՝ վճարելով 270 հազար յուան:

Այնուամենայնիվ, երրորդ մարդասպանը նույնպես չի ցանկացել սպանության բեռը իր ուսերին գցել և այդ «պարտականությունը» փոխանցել է «գործընկերոջը»՝ թվով չորրորդ մարդասպանին: Հոնորարը մինչ այդ պահը արդեն հասել էր 200 հազար յուանի:

Այսպես, չորրորդ մարդասպանն էլ 5-րդին է վարձել. հինգերորդն էլ մտածել է, որ 100 հազար յուանը շատ փոքր գումար է՝ մարդ սպանելու համար և կապ հաստատելով գործարարի հետ՝ առաջարկել է կեղծ սպանություն բեմադրել: Գործարարը համաձայնել է և որոշ ժամանակ թաքնվելով Շանհայում՝ ետ է վերադարձել և դիմել ոստիկանություն:

Ոստիկանները սկզբում գործարարին չեն հավատացել, այնուհետև հետաքննություն են սկսել՝ վերջիվերջո ձերբակալելով սպանության շղթայի բոլոր անդամներին:

Արդյունքում գործարար Տան Յուհուեյը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել, առաջին մարդասպանը՝ 3,5, երկրորդ և երրորդ մարդասպանները՝ 3 տարի և 3 ամիս, 4-րդ մարդասպանը՝ 3 տարի, 5-րդը՝ 3 տարի երկու ամիս: