Asbarez պարբերականն անդրադարձել է Հորդանանում բնակվող հայ ընտանիքի պատմությանը, որին ծանոթացել է հոդվածի հեղինակ Քեթրին Եսայանը Հորդանան կատարած այցելության ընթացքում:
Վերջինս ծանոթացել է Ակաբա քաղաքում բնակվող Րաֆֆի և Լևոն եղբայրների հետ, որոնք քաղաքում լավ հայտնի լուսանկարչական խանութ ունեն, որը հիմնել է նրանց պապը:
Նրանց պապը՝ Հակոբ Թորոս Կիրակոսյանը, ծնվել է 1915-ին Թուրքիայում: Հետագայում նա հայտնվել է Լիբանանի որբանոցներից մեկում: 15 տարեկանում հեռանալով որբանոցից՝ որպես աշակերտ աշխատանքի է անցել Բեյրութի Kodak խանութում:
Յուրացնելով լուսանկարչական արվեստի հմտությունները և տաղանդավոր լուսանկարիչ դառնալով՝ նա որոշել է ճանապարհորդել: Անցնելով Սիրիայի, Իրաքի, Իրանի տարածքով՝ հանգրվանել է Հորդանանում, որտեղ դարձել է բանակի լուսանկարիչը:
Հաստատվելով Ակաբայում՝ վերջինս ամուսնացել է Արշալույսի հետ, որի ծնողները Ցեղասպանության տարիներին գաղթել էին Ամման: Նրանք ունեցել են 2 որդի և 2 դուստր: Թեև նրանք քաղաքում բնակվող միակ հայ ընտանիքն էին, հաջողացրել են պահպանել հայկական ավանդույթներն ու լեզուն:
«Լևոնն ու Րաֆֆին էլ հոյակապ հայերեն են խոսում: Թեև տարածքում որևէ հայկական դպրոց չկա, ընտանիքում ջանացել են, որ երեխաները հայերեն խոսեն», - գրում է Քեթրին Եսայանը:
Նրանց պապը ժամանակին դարձել է Հորդանանի նախկին թագավոր Հուսեյն Բին Թալալի՝ ներկայիս արքայի հոր անձնական լուսանկարիչը: Թեև նրա ժառանգներն այսօր արքայի լուսանկարիչները չեն, այժմ էլ լուսանկարում են արքային, երբ վերջինս այցելում է Ակաբա:
Իսկ նրանց խանութն այնքան հայտնի է շրջանում, որ անգամ խանութի փողոցը մարդիկ ճանաչում են որպես «Հակոբի ֆոտոյի փողոց»:
0Comments