Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիային Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են վիրավորական բացականչություններով և ձվեր են նետել նրա վրա:
Միջադեպի կադրերը տարածվել են սոցիալական ցանցում և ԶԼՄ-ներում: Տեսանյութում լսվում է նաև, թե ինչպես են Գախարիային «գործակալ» և «հայրենիքի դավաճան» անվանում:
Կուսակցության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 17-ի լուսադեմին, երբ Գախարիան իր կողմնակիցներից մեկի՝ Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Էլգուջա Խոքրիշվիլիի հետ հայրենիք էր վերադառնում Գերմանիայից, որտեղ մասնակցում էր Մյունխենի անվտանգության համաժողովին: Կուսակցությունը օդանավակայանի ոստիկաններին մեղադրել է անգործության մեջ։
Վերջին շրջանում սա Գախարիայի մասնակցությամբ արդեն երկրորդ միջադեպն է։ Ավելի վաղ դատախազությունը ընդդիմադիրին տուժողի կարգավիճակ էր տվել: Խոսքը Գախարիայի և իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Դմիտրի Սամխարաձեի միջև տեղի ունեցած միջադեպի մասին է, որը տեղի է ունեցել հունվարի 14-ին Բաթումիի «Շերատոն» հյուրանոցի ճեմասրահում:
Այն ժամանակ լրատվամիջոցներում տարածված կադրերում երևում էր, թե ինչպես է լեզվակռվի ժամանակ Գախարիան պլաստիկ բաժակ նետում Սամխարաձեի դեմքին, որին հաջորդում է պատասխան արձագանքը և Սամխարաձեի հարվածը:
0Comments